Այսօրվա լրահոսում տեղեկատվություն կար, որ Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես սկսած և խաբված սփյուռքահայ մի գործարար «շարունակում է պայքարել ոտնահարված իրավունքները վերականգնելու համար» և բաց նամակով դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին: Մի քանի ամիս առաջ էլ լրատվամիջոցները շատ բուռն քննարկում էին սփյուռքահայ մեկ այլ գործարարի՝ «Փարիզյան սուրճի» հիմնադրի նկատմամբ հարկային ոտնձգությունները, կրկին՝ նույն համակրանքով: Օրինակները կարելի է շարունակել, սակայն շատ ավելի շատ են օրինակները տեղացի գործարարների պարագայում:
Ինչո՞ւ են Հայաստանի լրատվամիջոցները շեշտադրում որևէ գործարարի սփյուռքահայ լինելը. մի՞թե խնդիրները, որ նա ունի, Հայաստանում ծնված-մեծացած մարդիկ ու գործարարները չունեն: Կառավարությունը այդ ի՞նչ հատուկ հարցեր պետք է լուծի սփյուռքահայ գործարարների համար, որոնք չպետք է լուծի տեղացիների համար:
Առահասարակ, որքան նվազում են օտարերկրյա ներդրումները (իսկ դրանք այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40 տոկոսով), այնքան ակտիվանում են սփյուռքյան ներդրումների մասին խոսակցությունները:
Սփյուռքյան ներդրումները իսկապես շատ կարևոր են Հայաստանի համար ոչ միայն զուտ տնտեսական վիճակագրության, այլ նաև նոր բիզնես մշակույթ ներմուծելու տեսանկյունից: Այդ ներդրումները մինչև այսօր եղել են երկու տեսակի:
Առաջինը՝ ուղղահայաց ներդրումներ, երբ Սփյուռքից խոշոր ներդրողները բիզնես սկսելուց առաջ նախ ստացել են բարձրագույն ղեկավարության ինդուլգենցիան, որ իրենց ներդրումներն անձեռնմխելի կլինեն Հայաստանում և կպաշտպանվեն այդ ղեկավարների կողմից (և ոչ օրենքի):
Երկրորդը՝ հորիզոնական ներդրումներ, երբ սփյուռքյան կապիտալով Հայաստանում փոքր ու միջին բիզնեսներ են հիմնադրվել՝ առանց բարձրագույն ղեկավարության հարթությունն անցնելու:
Իրական փոփոխություններ և ավելի մեծ ազդեցություն կարող է գալ ներդրումների այս երկրորդ տեսակից: Այն կարող է դառնալ երկրի մրցակցային առավելություններից մեկը և բիզնես-կուլտուրայի ու միջավայրի առումով Հայաստանին յուրահատուկ որակ հաղորդել տարածաշրջանում:
Թե՛ առաջին և թե՛ հատկապես երկրորդ տեսակի բիզնեսների համար բոլորովին կարիք չկա, որ երկրի ղեկավարները Սփյուռքին կոչ անեն գալ և ներդրումներ անել ու խոստանան, որ իրենք անձամբ պաշտպանելու են այդ ներդրումները: Սփյուռքին հայրենիք բերելու մեխանիզմը շատ պարզ է՝ օրենքի գերակայություն, ազատ մրցակցություն և սեփականության անձեռնմխելիություն:
Վերադառնալով այս սյունակի սկզբի հարցադրմանը՝ մի՞թե Հայաստանում ծնված-մեծացած գործարարներն էլ սա չեն ուզում: Այդ դեպքում՝ ինչո՞ւ ենք առանձնացնում սփյուռքահայ ներդրողի խնդիրները տեղացի ներդրողի խնդիրներից:
Ես առաջարկում եմ «սփյուռք» արմատն ընդհանրապես հանել «սփյուռքահայ» բառից և մտածել Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիներին և բոլոր հայերին առնչվող խնդիրները լուծելու մասին: