ՏՄՊՊՀ-ն «ԱրմենՏելին» տուգանել է 30 մլն դրամով. ընկերությունը կբողոքարկի որոշումը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննվել են մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը «ԱրմենՏելին» անբարեխիղճ մրցակցության համամար տուգանել է 30 մլն դրամով։ «ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը ՍիվիլՆեթին ասաց, որ Հանձնաժողովը «ԱրմենՏելին» չէր հրավիրել որոշում կայացնելու նիստին։ «ԱրմենՏելը համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ և համարում է, որ այն կողմնակալ է»,- ասաց Բեղլոյանը՝ հավելելով, որ ընկերությունն այդ որոշումը բողոքարկելու է։

Նշենք, որ ըստ ՏՄՊՊՀ հաղորդագրության՝ «Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից: Ըստ «ԱրմենՏելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության` այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաև տեղեկատվական բուկլետների վրա:

«Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90դրամ, իսկ «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:

Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: ««ԱրմենՏելի» վարքագիծն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով»,- ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում:

Ուսումնասիրելով և քննարկելով քաղաքացիների «Հայփոստ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների գործունեության վերաբերյալ հայցերը` հանձնաժողովը ընկերություններին միայն նկատողություն է տվել:

Մեկնաբանել