25 հոկտեմբեր, 2012 13:44

Իսրայելի հրեաների մեծ մասը կողմ է երկրում ապարտեիդին․ հարցում

Իսրայելում իրականացված նոր հարցման արդյունքներով՝ հակաարաբական ու ուլտրաազգայնական տրամադրությունները կիսում է երկրի հրեա բնակրության զգալի մասը, գրում է իսրայելական Haaretz պարբերականը։

Հարցման մասնակիցների 59%-ը կարծում է, որ հրեաները պետք է առավելություն ունենան արաբների նկատմամբ կառավարական պաշտոնների մատչման հարցում։ 49%-ը ենթադրում է, որ պետությունը պետք է ավելի լավ վերաբերվի իսրայելցի հրեաներին, քան իսրայելցի արաբներին (որոնք կազմում են երկրի բնակչության մոտ 20%-ը)։ 42%-ը չի ցանկանում ապրել արաբների հետ մի շենքում և նույնքան տոկոսն էլ չի ցանկանում, որ իր երեխան սովորի արաբների հետ մի դասարանում։ Հարցվածների 1/3-ը կողմ է, որ ընդունվի օրենք, որը իսրայելցի արաբներին կարգելի քվեարկել խորհրդարանական ընտրություններում (որոնք համապատասխան Իսրայելի քաղաքական համակարգի՝ գլխավոր ընտրություններն են երկրում)։

Հարցված հրեաների 38%-ը կողմ է Հորդանան գետի Արևմտյան ափի կցմանը։ Իսկ եթե այդ միավորումը տեղի ունենա, հարցման մասնակիցների 69%-ը ենթադրում է, որ պաղեստինցիները չպետք է ունենան ձայնի իրավունք։

«Հետազոտությունը ցույց է տալիս, որ իսրայելցի հրեաների 1/3-ից մինչև կեսը ցանկանում է ապրել երկրում, որը պաշտոնապես ու բացահայտ խտրականություն է կիրառում իր արաբ քաղաքացիների նկատմամբ։ Էլ ավելի զգալի մեծամասնությունը կցանկանար ապրել ապարտեիդ կիրառող երկրում, եթե Իսրայելը բռնակցի Պաղեստինը»,- գրում է Haaretz-ը։

Ապարտեիդի միտքը կիսում են նաև հարցման մասնակիցները․ հարցվածների 39%-ը կարծում է, որ Իսրայելը ապարտեիդ է կիրառում «որոշակիորեն», իսկ ևս 19%-ը կարծում է, որ ապարտեիդը կիրառվում է «զգալիորեն»։

Հարցվածների գրեթե կեսը ենթադրում է, որ իսրայելցի արաբներին հարկ է տեղափոխել Պաղեստին, իսկ 1/3-ը՝ որ Իսրայելի արաբական քաղաքները պետք է անցնեն Պաղեստինի իրավասության ներքո՝ Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի դիմաց։

Օրթոդոքս հրեաներն արաբների նկատմամբ ունեն էլ ավելի ծայրահեղ հայացքներ․ 70%-ը կողմ է արաբների ձայնի իրավունքի օրենսդրական սահմանափակմանը, 95%-ը՝ արաբների խտրականությանը աշխատավայրում։