26 հոկտեմբեր, 2012 13:57

ԿԲ-ն տրանսֆերտների շուկայում կենտրոնացում չի թույլատրի

Արտասահմանյան վճարահաշվարկային բոլոր համակարգերը մինչև տարեվերջ պետք է ապահովեն Կենտրոնական բանկի սեպտեմբերի որոշմամբ սահմանված նոր պահանջները։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «ԱՊՀ-ի դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» միջազգային կոնֆերանսին լրագողներին ասաց ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը։

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին ԿԲ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցում։

Համաձայն փոփոխությունների՝ վճարահաշվարկային օպերատորը պարտավոր է լինելու իր ծրագրային ապահովման համակարգում և ինտերնետային կայքում տեղադրել համակարգին միացված հայաստանյան բանկերի բոլոր մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Աղասյանի խոսքով՝ նախկինում ևս արտասահմանյան վճարահաշվարկային բոլոր համակարգերի առջև պահանջ է դրված եղել սպասարկելու համակարգերին միացված բանկի բոլոր մասնաճյուղերը։ Սակայն որոշ համակարգեր գործնականում չեն սպասարկել հայաստանյան բանկերի մասնաճյուղերը Լեռնային Ղարաբաղում։ «Մենք չենք պահանջում, որ գրված լինի Լեռնային Ղարաբաղ, այլ պարզապես պահանջում ենք, որ նշվեն քաղաքները»,- ասաց ԿԲ խորհրդի անդամը։

Այս պատճառով ԿԲ-ն այս տարի հետ է կանչել «Միգոմ» և «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգերի գործունեության լիցենզիաները։ «Հայաստանում գործող 14 համակարգերի մեջ կային համակարգեր, որոնք չէին ապահովում պահանջները։ Նրանց բոլորին տրվել են հստակ ժամկետներ՝ այդ պահանջներն ապահովելու համար»,-ասաց Աղասյանը։ Նա չբացառեց, որ որոշ համակարգեր ապագայում ևս կորցնեն լիցենզիաները։ «Քաղաքացիների վրա դա որևէ կերպ չի անդրադառնա, պարզապես դրամական միջոցները կվերաբաշխվեն մյուս համակարգերի միջև»,- ասաց Աղասյանը։

Նրա խոսքով՝ ֆինանսական կայունությունն ապահովելու տեսակետից ԿԲ-ն քայլեր է ձեռնարկում, որ դրամական փոխանցումների շուկայում կենտրոնացվածություն չլինի, շուկան կարգավորչի ամենօրյա մոնիտորինգի տակ է։

Այսօր դրամական փոխանցումերի հայաստանյան շուկայի 55%-ը բաժին է ընկնում 5 արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի։