Չինաստանում արգելափակել են New York Times-ի կայքը

New York Times-ի խմբագրությունը տեղեկացնում է, որ Չինաստանի իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են թերթի ինտերնետային տարբերակի մատչումը Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոյի ընտանիքի ակտիվների վերաբերյալ լրագրողական հետաքննության հրապարակումից հետո։

New York Times-ը հոդված է հրապարակել այն մասին, որ Չինաստանի վարչապետի հարազատները վերահսկում են ավելի քան $2,7 մլրդ արժողությամբ ակտիվներ։ Պարբերականը նշում է, որ Վեն Ցզյաբաոյի ընտանիքը զգալի հարստացել է նրա՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում։ Անձամբ Ցզյաբաոյի՝ հարազատների բիզնեսին մասնակից լինելու ապացույցներ չեն ներկայացվում։

Համաձայն պարբերականի տվյալների՝ այսօր առավոտյան՝ հոդվածի հրապարակումից կարճ ժամանակ անց, New York Times-ի չինարեն կայքն արգելափակվել է, ապա երկրի որոշ մասերում արգելափակել են նաև անգլալեզու տարբերակի մատչումը։

New York Times-ը տեղեկացնում է, որ Չինաստանի իշխանությունները նաև արգելափակում են թերթի ու վարչապետի անվան հիշատակման բոլոր փորձերը Sina Weibo-ում՝ Չինաստանում միկրոբոլգների հայտնի սերվիսում, որը Twitter-ի անալոգն է։

«Համաձայն համապատասխան կանոնների ու օրենքների՝ New York Times բառակապակցությամբ որոնման արդյունքները չեն կարող ցուցադրվել»,- ասվում է առանձին պատուհանում՝ ի պատասխան թերթի անվան որոնման Sina Weibo-ում։

New York Times-ի պաշտոնական ներկայացուցիչ Էյլին Մերֆին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ թերթի էլեկտրոնային տարբերակներն արգելափակվել են, հատկապես, որ պարբերականի նյութերը «մեծ հետաքրքրություն» են առաջացնում Չինաստանում։

«Մենք հույս ունենք վերականգնել կայքի աշխատանքը և խնդրելու ենք Չինաստանի իշխանություններին ապահովել մատչումը, որպեսզի Չինաստանում մեր ընթերցողները կարողանան օգտվել New York Times-ի լրագրողների տեղեկատվությունից»,- ասել է Էյլին Մերֆին։

Մեկնաբանել