«Հայաստանի Հանրապետական կուսակցության» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև իրական հակասություններ գոյություն ունեն, ինչը կարող է հանգեցնել իրական մարտահրավերների, երբ կուսակցություններն առաջադրեն նախագահի իրենց թեկնածուներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ է հայտնել քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Բայց իրականում չգիտեմ, թե ինչ են մտածում այս կուսակցությունները, եթե, իհարկե, մտածում են: Արդեն անցել է այն կետը, որ սա նման էր թատրոնի: Առաջիկա նախագահական ընտրությունները, այս առումով, տարբեր կլինեն նախորդ նախագահական ընտրություններից, երբ մենք ունեինք կեղծ թեկնածուներ՝ ինչպիսին էր Արտաշես Գեղամյանը կամ անհույս թեկնածուները»,- ասել է քաղաքագետը` նշելով, որ այս դեպքում մենք տեսնում ենք իրական մրցակցություն:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` եթե անգամ ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրի, ապա, այնուամենայնիվ, հակասությունը իրական է, որի ապացույցը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործն է:
Միաժամանակ` քաղաքագետը նշում է, որ իրականում ոչ մի քաղաքական արշավի ականատես չենք լինում: «Ավելի շատ տեսնում ենք քաղաքական հոբբի, քան ընտրարշավ: Թվում է, թե նախագահական ընտրություններում կվերընտրվի Սերժ Սարգսյանը: Հիմնականում այն պատճառով, որ գոյություն չունի կենսունակ այլընտրանք: Դա կապված է նաև ադմինիստրատիվ ռեսուրսների հետ: Ես չեմ ասում հավանում են նրան, թե ոչ, բայց ես ռեալ եմ նայում իրավիճակին, և չեմ տեսնում այլ թեկնածու»,- ասել է նա:
Խոսելով ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների և նրանց հնարավոր դաշինքի մասին` քաղաքագետը նրանց հարաբերությունները նմանեցրել է տանգոյի, որտեղ սակայն մի կողմը չի ուզում պարել: Հարցին` որ կողմն է դա, բանախոսը պատասխանել է. «Իրականում ավելի խորն է խնդիրը՝ երաժշտություն չկա, այսինքն՝ միջավայրը դրական չէ, որ տրամադրի, ռոմանտիկա չկա պարի մեջ»: Կիրակոսյանը հավելել է, որ առհասարակ քաղաքական դաշտում ձևավորվող ոչ մի դաշինք հենց այնպես չի ստեղծվում: