Արդարություն որոնող սերնդի խնդիրները

Հայկ Խանումյանն իր սյունակում անդրադարձել է նոր սերնդի կողմից արդարության որոնման խնդրին: Նա գտնում է, որ նոր սերունդը նոր մեթոդներով է սկսել պայքարել արդարության հաստատման համար և շարունակականություն է տեսնում արդարության համար պայքարի գործընթացում:

Իհարկե, արդարության պահանջը և դրա համար պայքարը շարունակական է լինելու, քանի որ այն մարդու բնական պահանջների մեջ է մտնում: Օրինակ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց տվեց, որ մարդու ուղեղը արձագանքում է արդար վերաբերմունքին նույն կերպ, ինչպես` որևէ բան շահելու կամ շոկոլադ ուտելու դեպքերում:

Հարց է առաջանում՝ որ դեպքերում է հնարավոր հասարակությունում արդարություն հաստատել: Այս հարցը երկար ժամանակ հուզել է տարբեր հասարակությունների, և հասարակության անդամները փորձել են գտնել դրա պատասխանը:

Մտածողների մի մասին արդարության որոնման ճանապարհը տարել է դեպի հանրային պայմանագիր, որը հիմք է հանդիսացել արդարության հետագա տրամաբանությունը կառուցելու համար: Ջոն Ռոուլսը հենց այդ մտածողներից է, որը ևս փորձել է գտնել արդարության հենքը: Ռոուլսը ինստիտուցիոնալ արդարության կողմնակից է: Ըստ նրա՝ արդարությունը հնարավոր է ապահովել կառավարման համակարգի միջոցով: Նա գտնում է, որ հանրային պայմանագիրը արդարության հիմքն է, քանի որ հասարակության հիմնական կառուցվածք ստեղծողն ու արդարության հիմնական առարկան է:

Հենց հանրային պայմանագրի միջոցով են ստեղծվում ինստիտուտներ, որոնք էլ ապահովում են արդարությունը հասարակությունում. այդ իսկ պատճառով էլ կարևոր է հանրային պայմանագրի արդար ձևավորումը:

Հանրային պայմանագրին հաջորդում է սահմանադրության ձևավորման փուլը, երբ գործնական ինստիտուտներն են ընտրվում հասարակության ղեկավարման համար, որոնք էլ իրենց հերթին, ըստ Ռոուլսի, պետք է համապատասխանեն արդարության սկզբունքներին: Նրա կարծիքով արդար ինստիտուտների առկայության դեպքում քաղաքացիներն ավելի են հակված կատարել իրենց բաժին պարտականությունները, որպեսզի պահպանեն արդարության սկզբունքները:

Ռոուլսը նաև խոսում է հավասար հնարավորությունների մասին: Հավասար հնարավորությունների մասին առավել հստակ մոտեցում ունի Ջովանի Սարտորին: Նա գտնում է, որ մարդիկ անհավասար են, սակայն ժողովրդավար կառավարման մոդելում, որտեղ արդարությունը կարևոր դեր ունի, պահանջվում է հավասարություն: Քանի որ իրական կյանքում անհավասարությունները հավասարեցնելը անիրականանալի է, ապա հավասար հնարավորությունների ստեղծումը դառնում է այդ խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը:

Այսպիսով, եթե Ռոուլսը հիմնականում կենտրոնանում է արդար ինստիտուտների կամ այսպես կոչված «արդար խաղի» կանոնների վրա, ապա Ամարտիա Սենը հիմնականում կենտրոնանում է հանրային դիսկուրսի վրա: Սենը կարևոր է համարում հանրային դիսկուրսը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն բարեփոխել անարդյունավետ ընտրված ինստիտուտները, այլև բարձրաձայնել անարդարությունների մասին: Այն նաև ձայնի հնարավորություն է տալիս խոցելի խմբերին: Կարևոր է նշել, որ Սենը ևս ինստիտուտներն է համարում արդարության հիմքը:

Նրա կարծիքով՝ կատարյալ արդար հասարակության ստեղծումը անիրականանալի է, այդ իսկ պատճառով Սենը առաջարկում է հիմնականում կենտրոնանալ անարդարությունների ծավալի կրճատման վրա:

Ադամ Սմիթի մոտեցումը արդարությանը նույնպես ինստիտուցիոնալ է: Նրա համար հենց ազատ շուկաներն են մաքսիմալ արդարության ապահովման հիմքը: Նա համարում է, որ համակարգն է հնարավորություն ընձեռում ապահովել արդարություն և հենց համակարգն է կարողանում մաքսիմալ ձևով արդար բաշխել հարստությունը հասարակության անդամների միջև, ինչը չի կարող անել կրոնը, գթասրտությունը կամ այլ գործոն:

Այսպիսով արդարություն որոնող սերնդի հիմնական խնդիրը պետք է լինի հանրային պայմանագրի վերանայումը և այդ պայմանագրի հիման վրա սահմանադրական կարգի ստեղծումը, որը պետք է հնարավորինս հավասար հնարավորություն ընձեռի հասարակության բոլոր անդամների համար: Սահմանադրությամբ ստեղծված ինստիտուտները պետք է հասարակությանը հնարավորություն ընձեռեն նաև հանրային դիսկուրս վարելու համար, որպեսզի ոչ միայն այդ ինստիտուտները համապատասխանեցնեն հանրային պահանջին, այլ նաև խոցելի խմբերին հնարավորություն տան իրենց խնդիրները բարձրաձայնելու համար:

PQ

Արդարություն որոնող սերնդի հիմնական խնդիրը պետք է լինի հանրային պայմանագրի վերանայումը

Արմեն Գրիգորյան

Մեկնաբանել