Ֆրենսիս Ֆուկույաման ԱՄՆ-ի ընտրությունների և «Գրավի՛ր Ուոլ սթրիթի» մասին

Ինչո՞ւ ո՛չ Բարաք Օբաման, ո՛չ Միթ Ռոմնին չեն կարող էական որևէ բան առաջարկել միջին դասին, ամերիկացիների քաղաքական գիտակցության վրա ինչպե՞ս է ազդում աճող սոցիալական անհավասարությունը։ Այս ամենի և այլ հարցերի շուրջ BBC-ի ռուսական ծառայությունը զրուցել է ծագումով ճապոնացի ազդեցիկ քաղաքական փիլիսոփա, գրող Ֆրենսիս Ֆուկույամայի հետ։

-Ամերիկյան հասարակությունում սոցիալական անհավասարության թեման դարձել է կարևորագույններից մեկը ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուների՝ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի և հանրապետական Միթ Ռոմնիի նախընտրական ելույթներում։ Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում հարստությունը երբեք չի համարվել արատ, ավելի շուտ՝ հակառակը՝ համարվել է անձնական նվաճում, վերջին մեկ-երկու տարիներին Ամերիկայում հարուստների նկատմամբ վերաբերմունքը սկսել է փոխվել։ Ինչո՞վ եք Դուք դա բացատրում։ Մի՞թե ամեն ինչում մեղավորը տնտեսական ճգնաժամն է։

-Որպեսզի հասկանանք, թե դա ինչու է տեղի ունենում, հարկ է հիշել Մեծ դեպրեսիայի տարիները։ 1920-30-ական թվականներին տնտեսական դժվար իրավիճակը հարվածեց հասարակության գրեթե բոլոր շերտերին, անհավասարությունը նվազեց, ուստի և ավելի տանելի դարձավ։ Սակայն այդ ժամանակ էլ հասարակությունում ատելություն կար բանկիրների և հարուստների նկատամամբ, ինչը, ի դեպ, շահավետ խաղարկեց նախագահ Ռուզվելտը՝ առաջարկելով իր «Նոր ուղեգիծը»՝ դրանով իսկ ստեղծելով ժամանակակից սոցիալական ուղղվածություն ունեցող պետության հիմք։

Ներկայիս ֆինանսական ճգնաժամը սրել է անհավասարության (որը սկսեց աստիճանաբար աճել՝ սկսած մոտավորապես 1990-ականներից) ընկալումը։ Որպեսզի հանրային կարծիքը խիստ փոխվի որևէ ուղղությամբ, տարիներ են պետք, և այժմ մենք հետևում ենք, թե 2008թ․ ճգնաժամն ինչպես է ջրի երես հանել երկար հասունացած դժգոհությունը։

Հետաքրքիր է, որ երբ 2008թ․ Օբաման օգտագործեց «վերաբաշխում» արտահայտությունը, Ջոն Մակ-Քեյնն ու մյուս հանրապետականներն անմիջապես հարձակվեցին նրա վրա՝ մեղադրելով դասակարգային թշնամանք հրահրելու մեջ։ Այսինքն՝ այդ ժամանակ հասարակությունը դեռ պատրաստ չէր քննարկելու աճող սոցիալական անհավասարության թեման։

-Դուք ունեք «Լքվածները» (Left Out) վերնագրով հոդված, որում դատողություններ եք անում ամերիկյան միջին դասի և նրա դժվարությունների մասին։ Ռոմնին ու Օբաման կարո՞ղ են այդ մարդկանց առաջարկել ինչ-որ բան՝ բացի կարգախոսներից ու նախընտրական խոստումներից։

-Օբաման խոսում է ներդրումների մասին կրթության ոլորտում՝ ոչ միայն բարձրագույն, այլև միջին․ դա կարող է ներգրավել ուսուցիչներին, սակայն չեմ կարծում, որ նրա խոստումներն արագ իրականացվեն։ Ռոմնին, ըստ իս, էլ ավելի քիչ բան կարող է առաջարկել միջին դասին։ Նա ցանկանում է վերադառնալ ռեյգանոմիկային, նրան, ինչը մեզ հանգեցրեց ֆինանսական ճգնաժամի, այսինքն՝ երբ շուկաները չեն կարգավորվում, դուք, իհարկե, կստանաք տնտեսության աճ, սակայն այդ աճի պտուղները չեն վերաբաշխվում։

Ռոմնին, ինչեպս և Ռեյգանը, շահագրգռված չէ վերաբաշխման ու սոցիալական պաշտպանության համակարգի առկայության մեջ։ Եվ այդուհանդերձ, անգամ այն մարդիկ, որոնք տուժել են այդպիսի քաղաքականությունից, միևնույն է՝ քվեարկում են հանրապետականների օգտին, քանի որ նրանք դեմ են հղիության արհեստական ընդհատմանը կամ գեյերի ամուսնություններին։

-Իսկ ԱՄՆ-ում կա՞ն այլ քաղաքական գործիչներ, որոնք ունակ են որևէ հստակ բան առաջարկելու մարդկանց, որոնք իրենց դասում են միջին դասին, ընդ որում՝ ոչ միայն «սպիտակ օձիքավորներին», այլև աշխատավոր դասի էլիտային։

-Հենց բանն էլ այն է, որ առայժմ այդպիսի քաղաքական գործիչներ չկան։ Իսկ դա նշանակում է, որ ամերիկացիների այդ բավական մեծ խումբը սպասում է նրան, ով կկարողանա համախմբել իրենց՝ արտահայտելով իրենց շահերը։

-Ձեր «Արժանապատվության ձգտում» (Drive for Dignity) հոդվածում Դուք այդ ձգտումով բացատրում եք Արաբական գարնան ավելի խորքային պատճառները։ Իսկ ի՞նչ կասեք ամերիկացիների մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն էր կանգնած «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժման հետևում։ Ո՞չ այդ նույն ձգտումը։

-Կարծում եմ՝ նրանց մեծ մասը, ովքեր մասնակցում էին «Գրավի՛ր Ուոլ սթրիթի» ակցիաներին, միջին դասի երես առած երեխաներ են, ծեր անարխիստներ և «ձախերի» կույտ, այլ ոչ թե իսկապես աղքատ ամերիկացիներ, որոնք կարող են ասել, որ իրենց զրկել են սեփական արժանապատվության զգացումից։

Իսկապես աղքատ աֆրոամերիկյան շրջաններում չկա ոչ մի համախմբվածություն, ինչպես որ այն չկա սնանկացած սպիտակամորթ ֆերմերների և աշխատանքը կորցրած «կապույտ օձիքավորների» շրջանում։ Հասարակության այս շերտը, և սա ամերիկյան ինքնատիպ ֆենոմեն է, մեծամասամբ աջակցում է հանրապետականներին։ Քանի որ իրենց անհաջողությունների պատճառը նրանք տեսնում են ոչ թե Ուոլ սթրիթի ֆինանսիստների մեջ, այլ լիբերալ մամուլում, որը, նրանց կարծիքով, իրենց մասին գրում է՝ առանց որևէ հարգանքի։

«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումը բռնկվեց և հանգեց։ Ի տարբերություն «Թեյախմության կուսակցության», որը ոչ միայն պարզապես դժգոհություն էր արտահայտում, այլև սկսեց ակտիվ համագործակցել կոնգրեսականների հետ, «Գրավի՛ր Ուոլ սթրիթի» կազմակերպիչները չկարողացան համախմբել մարդկանց, որոնց շահերը նրանք տեսականորեն պետք է արտահայտեին։ Նրանց չաջակցեցին ո՛չ արհմիությունները, ո՛չ աշխատավորները։ Պարզապես նրանք նրանց լուրջ չընդունեցին։

Միակ բանը, ինչին կարողացավ հասնել այդ շարժումը, աճող սոցիալական անհավասարության հարցի բարձրացումն ու այն հանրային քննարկման թեմա դարձնելն էր։ Սակայն որևէ նոր գաղափար ձախից, ցավոք, ի հայտ չեկավ։

-Օբաման ու Ռոմնին իրենք պատկանում են ամերիկացիների 1%-ին, այսինքն՝ նրանց, ում «Գրավի՛ր Ուոլ սթրիթի» մասնակիցները հակադրել էին 99%-ին։ Նշանակում է՝ անձամբ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից պետք չէ սպասել փոփոխություններ, քանի որ նրանք շահագրգռվա՞ծ չեն համակարգի փոփոխման մեջ։

-Քաղաքական մեծ շարժումների առաջնորդները, այդ թվում՝ ձախ, միշտ եղել են այդ պայմանական 1%-ի մի մասը։ Լենինն ու Մաոն էլ գյուղացի չէին, այլ կրթված միջին դասի ներկայացուցիչներ էին։ Ամերիկացի դեմոկրատները թեև ստանում են որոշակի ֆինանսական աջակցություն Ուոլ սթրիթի բանկիրներից, փողերի հսկայական մասը նրանց կուսակցական գանձարան է գնում արհմիություններից, աֆրոամերիկացիներից և այլն, ուստի չեմ կարծքում, որ դեմոկրատներն արտահայտում են միայն 1%-ի շահերը։

Մեկնաբանել