Նաոմի Քեմփբելի նվերը՝ պոլո փղերի վրա և Դայանա Ռոսի ելույթը՝ 500 հազ. դոլար արժողությամբ

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելն իր ընկերոջ՝ ռուսաստանցի օլիգարխ Վլադիսլավ Դորոնինի 50-ամյա հոբելյանի առթիվ երկու անակնկալ է պատրաստել՝ պոլո փղերի վրա և Դայանա Ռոսի համերգը՝ 500 հազ. դոլար արժողությամբ:

Հոբելյանի տոնակատարությունը կկայանա նոյեմբերի 7-ին հնդկական Ջոդհպուրում: Նաոմին արդեն ժամանել է Ջոդհպուր և խաղը կազմակերպելու նպատակով պատվիրել յոթ փիղ, ինչն առաջացրել է կենդանիների պաշտպանության կազմակերպությունների դժգոհությունը: Նրանք հայտարարել են, որ «փղերին, հանուն ինչ-որ մեկի երազանքի, վատ ճանապարհներով տեղափոխելը դաժան է»:

PETA-ի (Մարդիկ՝ հանուն կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի) ներկայացուցիչներն ասել են, որ Քեմփբելն ու նրա աստղային ընկերները «ավելի շատ փող ունեն, քան գթասրտություն»:

Դորոնինի համար երկրորդ անակնկալը լինելու է նրա սիրած երգչուհի Դայանա Ռոսի՝ 500 հազ. դոլար արժողությամբ ելույթը. հայտնի է, որ երգչուհուն սպասարկելու է Քեմփբելի հատուկ ինքնաթիռը:

Տոնակատարությանը հրավիրված է 80 մարդ, որոնց անունները գաղտնի են պահվում, սակայն ակնկալվում է, որ ներկա կլինեն Քեյթ Մոսը, Կլաուդիա Շիֆերը, Դոնաթելլա Վերսաչեն և Ջեյդ Ջագերը, ինչպես նաև Ռոման Աբրամովիչը:

Վլադիսլավ Դորոնինն ու Նաոմի Քեմփբելը հանդիպում են 2008-ից: Երկու տարի առաջ օլիգարխը ֆրանսիական Ռիվյերայում մեծ շուքով նշել է ընկերուհու 40-ամյակը, իսկ այժմ Մոսկվայի մոտ նրա համար շքեղ տուն է կառուցում:

Մեկնաբանել