Օմբուդսմենի գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհներից

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօրվանից պաշտոնապես հրաժարվում է դրամաշնորհներից և դրանք ուղղում է հասարակական կազմակերպություններին: Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցի քննարկմանը հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

Օմբուդսմենը գրասենյակի այս որոշումը պայմանավորել է քաղաքացիական հասարակության զարգացման անհրաժեշտությամբ: «Մենք էլ արդեն պետք է կայանանք որպես պետական կառույց, որը ոչ թե սնվում է այս կամ այն դրամաշնորհով, այլ ապրում է պետական միջոցներով և ծառայում է պետական բյուջեի բուն նպատակներին: Սա է մեր նպատակը, և մենք մյուս տարի փորձելու ենք ձեզ հետ նաև լուծել այդ խնդիրը»,- ասել է Կարեն Անդրեասյանը:

2013թ. պետական բյուջեի նախագծով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը նախատեսված են շուրջ 176,56 մլն դրամ` 2012թ. 164 մլն դրամի դիմաց: Աճը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի վերահաշվարկմամբ` հունվարի 1-ից կիրարկվելիք «Եկամտային հարկի մասին» օրենքի պահանջներին համապատասխան: Գումարի գերակշռող մասը` 118 մլն դրամը, կուղղվի աշխատավարձի ֆոնդին:

Օմբուսդմենի խոսքով` իրենք խնդրում են կառավարությունից ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումն ավելացնել ևս 11 մլն դրամով` «որպես ազգային կանխարգելման մեխանիզմ գաղութներ, զորամասեր, ոստիկանության բաժիններ, մանկատներ, հոգեբուժարաններ սիստեմատիկ այցեր կատարելու համար, այսինքն` բոլոր այն տեղեր, որտեղ մարդու հետ կարող են անմարդկային վերաբերմունք դրսևորել»: Ըստ Անդրեասյանի` դա անելու համար անհրաժեշտ կլինի տարեկան առնվազն 350 այց կատարել: Այդ իսկ պատճառով գրասենյակը հայտ էր ներկայացրել օրապահիկի, հավելյալ չափաքանակով բենզինի, նաև մոնիտորինգ իրականացնելու համար հավելյալ չորս հաստիքի` սոցաշխատողի, բժշկի և երկու իրավաբանի ֆինանսավորման համար:

Կառավարությունը, թեև նախապես մերժել էր լրացուցիչ 11 մլն դրամի հատկացումը, սակայն, ինչպես համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, երկու հաստիքի համար, ըստ ամենայնի, կառավարությունը կտրամադրի հավելյալ 5,6 մլն դրամ:

2013թ. արտաբյուջետային գումարներից ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին կփոխանցվի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից «Հայաստանի Հանրապետությունում 2012-2013 թթ. ընտրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված համաձայնագրի շրջանակում նախատեսված ֆինանսավորման երկրորդ` վերջին մասը: Ըստ Անդրեասյանի` դա գրեթե այնքան է, որքան պետբյուջեից տարեկան տրամադրվող գումարը:

Մեկնաբանել