8 նոյեմբեր, 2012 15:25

Մոսկվայում բացվել է Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոն

«Երկրորդ աշխարհամարտի արդյունքները վերանայելու փորձերն ու Հոլոքոստի հերքումը ոչ միայն ցինիկ սուտ է, այլև պատմության դասերը մոռացության մատնելու փորձ», - ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակում՝ ուղղված Մոսկվայում «Հրեական թանգարանի և հանդուրժողականության կենտրոնի» բացմանը ներկա հյուրերին:  

Ռուսաստանի նախագահն իր ուղերձում ասել է, որ համաշխարհային պատմության ամոթալի էջը՝ Հոլոքոստը, հերքելու փորձը կարող է նոր ողբերգության հանգեցնել:

Իսկ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը թանգարանի հանդիսավոր բացման ժամանակ ասել է. «Թանգարանը խորհրդանշում է մարդկանց և նրանց ազատության հանդեպ հանդուրժողականության սկզբունքը: Այն վկայում է մարդկային մեծության, նաև՝ նրա թուլության մասին: Այստեղ կարող ենք տեսնել, թե ինչպես է մարդը հրաժեշտ տալիս իր անցյալին և հույսով լի գնում դեպի ապագա»:

Մտահղացման հեղինակների խոսքով՝ նոր թանգարանի նպատակն է ցուցադրել հրեաների կենցաղն ու մշակույթը, ինչպես նաև Ռուսաստանի պատմությունը ներկայացնել այդտեղ ապրող ժողովուրդներից մեկի միջոցով: Թանգարանի հիման վրա գործող «Հանդուրժողականության կենտրոնը» երկխոսությունների համար նախատեսված հարթակ է, որտեղ կքննարկվեն մշակույթների միջև հանդուրժողականությանը, հարգանքին ու փոխըմբռնմանը վերաբերող հարցեր: