10 նոյեմբեր, 2012 17:04

«Բամբիռը» վերադարձել է

Նոյեմբերի 10-ին Stop ակումբում համերգով հանդես եկավ «Բամբիռ» ռոք խումբը, որին Երևանում արդեն հասցրել էին կարոտել:
Տղաները վերջերս են վերադարձել ինը ամիս տևած համերգային շրջագայությունից. Երևան-Թբիլիսի, Թբիլիսի-Ստամբուլ, Ստամբուլ-Փարիզ և Իռլանդիայի փոքր ու մեծ քաղաքներ: Շուրջ 120 համերգ, տասը ռոք փառատոն, վեց նոր երգ, EP ալբոմ և մեկ տեսահոլովակ. այսպիսի ձեռքբերումներով է «Բամբիռը» վերադարձել տուն, որպեսզի շուտով կրկին մեկնի նոր արկածներ որոնելու: Բամբիռցիներն «Օրակարգին» պատմել են շրջագայության և ապագայի ծրագրերի մասին:

—  Ո՞րն էր մեկնելու պատճառը, և ինչո՞ւ հենց Իռլանդիա:

Նարեկ Բարսեղյան, վոկալ, կիթառ - Իսկ ինչու ոչ: Լավ տեղ էր, որտեղ կարելի էր շատ նվագել, մեզ համար հարազատ վայր էր իր երգ-երաժշտությամբ, «Գինեսով», ու կղզի էր՝ մայրցամաքի վրա չէր: Առանձնացած տեղ, որն իր պատմությունն ունի, իր հումորն ու ողբերգությունը: Մենք էլ որոշեցինք որոշ ժամանակ նրա մասնիկը կազմել և հայտնվեցինք այդ թաց, խոնավ երկրում:

—  Ինչպիսի՞ն էր համերգային կյանքը, ի՞նչ փառատոների մասնակցեցիք:

Նարեկ Բարսեղյան- Նվագեցինք շուրջ տասը՝ Electric Picnic, Body and Soul և այլ փառատոներին՝ մեծ, փոքր, շատ ավելի մեծ… Մնացած ժամանակը համերգներով էինք լցնում՝ քաղաքներում, գյուղերում, փաբերում: Նստում էինք մեքենան, լցնում էինք տեխնիկան ու գնում մի քաղաքից մյուսը: Մենք նման շրջագայություն ԱՄՆ-ում էինք ունեցել, բայց Եվրոպայում առաջին հյուրախաղերն էին, որոնք նաև ավելի պրոֆեսիոնալ էին կազմակերպված, ավելի մեծ թիմ ունեինք:

— Դուք նաև հասցրել եք նոր ալբոմ ձայնագրել, ե՞րբ այն լույս կտեսնի:

Նարեկ Բարսեղյան – EP՝ ծավալուն սինգլ է, փոքր ալբոմ: Մենք այն ձայնագրեցինք, բայց հազիվ հասցրինք ձայնը համադրել: Հիմա պիտի տպվի, բայց մենք այստեղ ենք, ու երևի հաջորդ տարվա սկզբին միայն լույս կտեսնի:

— Իսկ ինչո՞ւ վերադարձաք, ծրագրե՞ր ունեիք այստեղ։

Արիկ Գրիգորյան, վոկալ, ֆլեյտա- Պիտի վերադառնաս, որ նորից գնաս: Եվ այո՝ այստեղ ծրագրեր ունենք: Պիտի «Բամբիռի» ավագ սերնդի՝ Ջագի հետ համատեղ ալբոմ ձայնագրենք: Երկար ժամանակ չես կարող մնալ ուրիշ երկրում:

Նարեկ Բարսեղյան – Եվ հետո՝ սկսելու կետ պիտի ունենաս, մենք այստեղից եք սկսվում: Բայց, իրականում, չենք էլ մտածում, թե ինչու ենք գնում, ինչու ենք գալիս:

— Ինչպե՞ս Իռլանդիայում ընդունվեց ձեր «քարի» երաժշտությունը։ Ի՞նչ արձագանքներ եղան։

Նարեկ Բարսեղյան - Քարացան: Շատ լավ, որովհետև իրենց էլ հարազատ էր: Մեր երաժշտությունը շատ ընդհանրություններ ունի իռլանդական ֆոլկի հետ՝ լադային համակարգը, ֆլեյտան: Բացի այդ՝ Իռլանդիայի և Հայաստանի միջև շատ ընդհանրություններ կան:
Շատ հետաքրքիր է՝ կորած կղզի Եվրոպայի արևմուտքում ու Հայաստանը՝ այստեղ: Երկուսն էլ վաղ քրիստոնեական երկրներ են, որ Հռոմեական կայսրության տարբեր ծայրերում առաջիններից են քրիստոնեությունը տարածել: Նմանություններ կան նույնիսկ լեզվի մեջ՝ կելտերենը հայկական ռիթմիկա ունի, չնայած, ցավոք, կելտերեն այսօր շատ քչերն են խոսում:

— Ո՞րն էր գլխավոր դասը, որ քաղեցիք այս շրջագայությունից։

Նարեկ Բարսեղյան- Շատ նվագելը: Ռիթմի մեջ ընկանք:

— Հայաստանում քի՞չ էիք նվագում:

Արիկ Գրիգորյան – Հայաստանում շատ նվագելու տեղեր չկան: Իհարկե, քիչ ես նվագում:

Արման Քոչարյան, բաս կիթառ – Մենք մանկուց միմյանց հետ նվագել ենք, բայց բեմի վրա միասին ապրելը լրիվ ուրիշ պատմություն է: Մեզ համար այս ինը ամիսները շատ կարևոր էին: Խմբում նոր հարաբերություններ հաստատվեցին, ավելի լավ ենք իրար հասկանում:

— Ի՞նչ ծրագրեր ունի «Բամբիռը», ցանկանո՞ւմ եք համաշխարհային բեմը գրավել, թե՞ ուզում եք բուն հայկական խումբ մնալ։

Նարեկ Բարսեղյան – Նպատակը՝ նվագենք: Համաշխարհային բեմ գրավելու նպատակներ… դա պիտի ստացվի: Ստացվեց՝ լավ, բայց եթե դա նպատակ է դառնում, ուրեմն քո ուզած գործով չես զբաղվում: Մեզ համար հաճելի է միասին բեմում լինել, նվագել, նայել իրար, ժպտալ: Դա է մեզ հետաքրքիր:

Զրուցեց Մարիա Հովսեփյանը