Օբամայի տնտեսական առաջնահերթությունները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրորդ ժամկետով ընտրվեց երկրի բավական բարդ տնտեսական պայմաններում: Նրա առջև ներկայում մի շարք մարտահրավերներ կան: Հեղինակավոր Project-syndicate.org կայքում «Օբամայի երկրորդ գալուստը» վերնագրված հոդվածում ամերիկյան Brookings Institution հետազոտական կենտրոնի փոխնախագահ Քեմալ Դերվիշը (որը նախկինում եղել է Համաշխարհային բանկի փոխնախագահը և Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը) խոսում է Օբամայի երկրորդ պաշտոնավարման տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին:

ԱՄՆ նախագահական ընտրություններում մրցապայքարը սուր էր, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հաղթեց։ Այժմ, սակայն, ԱՄՆ-ի և ողջ աշխարհի համար հարցն այն է, թե ինչ է նա անելու քառամյա այս նոր ժամկետում։

Դեռևս թույլ տնտեսության և 8%-ի հասնող գործազրկության պայմաններում ընտրություններում հաղթելը դյուրին չէր։ Վերջին տարիներին տնտեսական դժգոհությունների հզոր ալիքը ասպարեզից սրբել-տարել է աշխարհի շատ երկրների առաջնորդների (անմիջապես մտաբերում եմ Նիկոլա Սարկոզիին, Գորդոն Բրաունին և Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին)։ Թեև ֆինանսական ճգնաժամը բռնկվեց դեռ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք՝ Ստիպակ տանը հանրապետականների իշխանության ութ տարիներից հետո, տնտեսության դանդաղ վերականգնման ողջ բեռն ստիպված եղավ տանել Օբաման։

Օբաման հաղթեց ոչ միայն իր անձնական արտակարգ ճկունության, այլ նաև շնորհիվ բավարար թվով միջին խավի ընտրողների, որոնք, դժգոհ լինելով տնտեսական զարգացման տեմպերից, զգացին, որ Օբամայի նախագահությունն իրենց ավելի շատ կօգնի, քան նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի առաջարկները, որոնք ընկալվեցին որպես հարուստների համար նախատեսված միջոցներ։ Բացի դրանից, Ամերիկայում ժողովրդագրական ընթացիկ փոխակերպումը դժվարացրել է իրադրությունն այն թեկնածուների համար, որոնք չեն կարողանում իրենց ասելիքը հասցնել լատինամերիկացիներին և ազգային այլ փոքրամասնություններին, ինչում, մասնավորապես, ձախողեց Ռոմնին և չկարողացավ երկիրն իր հետևից տանել։

Նախընտրական քարոզարշավի որոշ ասպետկներ, մասնավորապես ծախսված գումարի չափը և քարոզարշավի բացասական տոնը, շատ դիտորդների չափազանց անցանկալի թվացին։ Սակայն ամերիկյան ժողովրդավարության մրցակցային բնույթը (փաստը, որ միշտ այլընտրանքի հնարավորություն կա և որ իշխանությունները պետք է պայքարեն իրենց տեղը պահելու համար) ողջ աշխարհի համար հիանալի օրինակ դարձավ։

Օբաման իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը կսկսի մի իրադրությունում, երբ համաշխարհային տնտեսությունը շատ կարևոր շրջափուլում է։ ԱՄՆ-ում տնտեսության անկայուն և թույլ վերականգնմանն աջակցել են չափազանց ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը և բյուջետային ընթացիկ մեծ սպակասորդը։ Մինչ կորպորատիվ գանձարանում մեծ քանակությամբ կանխիկ է պահվում, մասնավոր ներդրումները պակաս ակտիվ են դառնում։ Ճապոնիայում տնտեսական կայուն ցուցանիշների դեռ հնարավոր չէ հասնել այն ժամանակ, երբ վարչապետները մեկը մյուսի հետևից փոխվում են անհավանական արագությամբ։

Նույն կերպ Եվրոպան է կենսաապահովման հույսին՝ շնորհիվ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի հեռատես մանևրների և պետպարտքի շուկայում անսահմանափակ միջամտության մասին նրա խոստումների։ Սակայն գործազրկությունը վերջին տասնամյակում ամենաբարձր մակարդակի վրա է, իսկ տնտեսական աճը, ըստ էության, կանգ է առել, նույնիսկ՝ Գերմանիայում, այն դեպքում, երբ ԵՄ հարավային խնդրահարույց երկրների տնտեսությունները խրվել են խորը ռեցեսիայի մեջ։ Ավելին, Հունաստանում իրադրությունը սոցիալապես անկայուն է դարձել. Հունաստանը փոքր երկիր է, սակայն այդ երկրի տնտեսության ամբողջական փլուզումը մյուս երկրների վրա կարող է ֆինանսական և հոգեբանական շատ բացասական ազդեցություն ունենալ։

Ողջ աշխարհում զարգացող երկրների տնտեսություններն ավելի լավ վիճակում են, սակայն թեև նրանց արտադրության ծավալի պոտենցիալ աճի հիմնական միտումները շատ բարձր են, քան զարգացած երկրներինը, նրանք չկարողացան ազատվել զարգացած երկրներում տնտեսական ցիկլերի ազդեցությունից: Համաշխարհային տնտեսությունը փոխկապակցված ամբողջական մեխանիզմ է. դրա ցանկացած կարևոր հատվածում առաջացած խնդիր փոխանցվում է ողջ աշխարհին: Սա վերաբերում է նաև մակրոտնտեսության նեղ շրջանակներից դուրս գնտվող խնդիրներին: Օրինակ` կլիմայի փոփոխությանն ուշադրություն դարձնելն անհրաժեշտ է, այն այլևս չի կարելի անտեսել:

ԱՄՆ-ը չի կարող միայնակ որոշել համաշխարհային տնտեսության ապագան, սակայն Ամերիկայի որդեգրած ուղեգիծը, այդուհանդերձ, գլոբալ առումով հսկայական նշանակություն ունի, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ տնտեսությունը և պահպանում է իր ունեցած զգալի ազդեցությունն այնպիսի կառույցների վրա, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և «Մեծ քսանյակը»: Ամերիկյան գաղափարները շարունակում են ազդել քաղաքական դեբատների վրա ողջ աշխարհում:

Այսպիսով, որո՞նք պետք է լինեն Օբամայի երկրորդ պաշտոնավարման տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթությունները: Չնայած դժվարություններին, որոնք ծառացած են համաշխարհային տնտեսութան առջև, ներդրումային հսկայական ռեսուրսներ կան ԱՄՆ-ում, Չինաստանում, Գերմանիայում և այլ երկրներում: Եվ քանի դեռ առկա են կլիմայի և ռեսուրսների խնդիրներ, մենք գտնվում ենք տեխնոլոգիական հեղափոխության շեմին, որն աշխատանքի և զբաղվածության շուկայի դժվարին իրադրության պայմաններում արտադրողականության բարձրացման և ավելի շատ բարեկեցության հասնելու հսկայական ներուժ ունի:Սակայն կայուն տնտեսական աճը պահանջում է, որ ներդրումային ռեսուրսներ ունեցողներն իրականում կատարեն այդ ներդրումները: Բայց դա տեղի չի ունենա, քանի դեռ զարգացած երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, միջին և ցածր եկամուտներ ունեցող խմբերի ընդհանուր վերականգնումը չի ապահովել պահանջարկի տևական վերականգնումը, որին սպասում են ներդրողները:

Կարելի է մեծ շահույթ ստանալ. կապիտալի փաստացի հարկերը չափազանց բարձր չեն, էժան ֆինանսավորումը հասանելի է կորպորատիվ սեկտորի համար: Սակայն եկամտի կենտրոնացումն ամենավերին օղակում (2011-ին ԱՄՆ տնտեսական աճից ստացված եկամուտների ավելի քան 90%-ը, օրինակ, բաժին է հասել ամենավերին օղակի 1%-ին) սահմանափակում է համընդհանուր վերականգնումը` մակրոտնտեսական քաղաքականությունը սեղմված թողնելով շարունակական «խթանման» անհրաժեշտության և աճող պետպարտքի ու ռեկորդային ցածր տոկոսադրույքով պղպջակային ակտիվների վտանգի միջև:

Այլ խոսքով, եկամուտների ավելի հավասարակշռված բաշխումը միայն սոցիալական կամ էթիկական խնդիր չէ. այն կարևոր է մակրոտնտեսական և, ըստ էության, երկարաժամկետ կորպորատիվ հաջողության համար: Սա կենսական կարևորություն ունի շատ երկրների, հատկապես ԱՄՆ-ի և Չինաստանի համար:

Բացի դրանից, կա նաև կրթության և անհրաժեշտ հմտությունների ձևավորման խիստ անհրաժեշտություն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ողջ աշխարհում: Առանց նոր զարգացող տեխնոլոգիաների հետ աշխատելու համար պահանջվող հմտությունների շատ աշխատողներ պարզապես անգործ կմնան: Համընդհանուր որակյալ կրթությանն առաջնահերթություն տալու գլխավոր առավելություններից մեկն այն է, որ այն կօգնի նաև լուծել եկամուտների բաշխման խնդիրը:

Վերջապես, նաև միջազգային արդյունավետ համագործակցության կարիք կա: Չինաստանի բյուջեի ընթացիկ պրոֆիցիտը նվազել է, սակայն այժմ Հյուսիսային Եվրոպայում պրոֆիցիտը կազմում է $500 մլրդ այն դեպքում, երբ Հարավային Եվրոպայում պահանջարկն անկում է ապրում, իսկ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը մոտ է $500 մլրդ-ի: Կլիմայի փոփոխության և եղանակային արտակարգ պայմանների երկարաժամկետ մարտահրավերը նույնպես պահանջում է, որպեսզի գլոբալ մակարդակով արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, և հետընտրական ուղեգծի փոփոխությամբ ԱՄՆ-ն ավելի ակտիվ ներգրավվի այս հարցերում, ինչը կարող է էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործման բազմասպեկտ հեղափոխության մեկնարկը տալ` խթանելով ներդրումները, որոնք նոր աշխատատեղեր և տնտեսական աճի նոր ցիկլ կստեղծեն:

Ամերիկայում երկարատև, թեժ պայքարում ծավալված նախընտրական քարոզարշավից հետո այժմ քաղաքական համապարփակ բարեփոխումների ժամանակն է: Հույս կա, որ ԱՄՆ կոնգրեսը նույնպես սա կգիտակցի և կաջակցի այն քայլերի կատարմանը, որոնք կարող են օգնել հարյուրմիլիոնավոր մարդկանց ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ողջ աշխարհում:

Մեկնաբանել