14 նոյեմբեր, 2012 09:49

Իջևանի «Աշնանային գույները»

Աննկարագրելիորեն գեղեցիկ են իջևանյան աշնան գույները: Ու երբ դրանք փոխադրված ես տեսնում կտավների վրա, տպավորությունն ավելի գրավիչ ու ազդեցիկ է լինում:

«Աշնանային գույներ». հենց այդպես էլ կոչվում է Իջևանի պատկերասրահում օրերս բացված ցուցահանդեսը, որին մասնակցում են Տավուշի և Լոռու մարզերի տասնյակ նկարիչներ: Գեղարվեստական այդ ձեռնարկի նախաձեռնությունը Երևանի պետհամալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանինն է, որին արձագանքել են քաղաքային իշխանությունները և Նկարիչների միության Վանաձորի քաղաքային մասնաճյուղը:

Շուրջ երկու տասնամյակ Տավուշի մարզկենտրոնում գործող համալսարանն ամբողջապես փոխել է քաղաքի կրթամշակութային կյանքն ու հոգևոր մթնոլորտը: Իջևանն այսօր համալսարանական քաղաք է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այդտեղ ուսանելու են գալիս հեռու ու մոտ գյուղերից ու ավաններից, Դիլիջանից, Նոյեմբերյանից ու Վանաձորից: Շուրջ 1700 ուսանող է սովորում համալսարանի չորս ֆակուլտետներում, դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասը Երևանից է:

Ցուցահանդեսի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները (դեկան՝ Կամո Այվազյան), որոնք հիմնականում Հայաստանի Նկարիչների միության անդամներ են: Թե՛ նրանց, թե՛ մյուսների ներկայացրած աշխատանքներում գերակշռող ժանրը, բնականաբար, բնանկարն է: Ուրիշ էլ ո՞ւմ, եթե ոչ չնաշխարհիկ այդ բնության ու լեռների մեջ ապրող նկարիչներին է հասու ծալ-ծալ ծավալվող գանգրահեր սարերի ու կաթկթող տերևաթափի զգլխիչ գույների վերարտադրությունը:

Այս առումով հիշատակենք Իջևանի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Համլետ Մխիթարյանի և Արթուր Միրզոյանի ռոմանտիկ բնանկարները, դիլիջանցի գեղանկարիչ Արման Բադեյանի և Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբի Գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ Աննա Նասիբյանի, Արուսյակ Փաշիկյանի, Հռիփսիմե Մանթաշյանի ու Սաթենիկ Ղուլիջանյանի գյուղական գողտրիկ տեսարանները: Անհավանական վարպետությամբ են աչքի ընկնում վանաձորցի ասեղնագործուհի Մարգո Մանասյանի աշխատանքները, որոնք հեռվից թափանցիկ ջրաներկի տպավորություն են թողնում:

Ներկայացվող ցուցահանդեսը հարուստ է նաև ջրաներկ գործերի առատությամբ: Առանձնացնելի են հատկապես Բերդի ներկայացուցիչ Հենրիկ Ավագյանի բնանկարները, որոնք հատկորոշվում են բնության հանդեպ ինքնատիպ մոտեցմամբ և մանր վրձնահարվածների միջոցով ամբողջական պատկերներ կերտելու կարողությամբ: Ցուցահանդեսի այցելուին երկար է իր առջև գամում Գագիկ Մազմանյանի փոքրաչափ գործը, որը թեև Մինասին ու վերջինիս պատկերած Ջաջուռի տեսարան է հիշեցնում, սակայն գրավում է սեփական մեկնաբանությամբ և գույների ճաշակավոր օգտագործմամբ:

Համեմատաբար համեստ է նատյուրմորտի ու դիմանկարային ժանրին պատկանող ստեղծագործությունների ներկայությունը: Դրանց մեջ անպայմանորեն առանձնացնելի են Համլետ Ասատրյանի՝ կավճամատիտով արած ծաղկանկարները, Վանաձորի պատկերասրահի տնօրեն Փափագ Ալոյանի, Արսեն Ռաֆայելյանի նատյուրմորտները և, իհարկե, Ռաֆիկ Բուղդարյանի «Ինքնադիմանկարն» ու Արայիկ Ղևոնդյանի դիմանկարային աշխատանքները:

Կոմպոզիցիոն կտավներից հարկ է մատնանշել Վարդան Մերջանյանի, Աշոտ Հախոյանի, Արա Ղուլիջանյանի և Ռուսլան Նալբանդյանի գործերը: Վերջինիս «Մեղեդի» և «Գաղթ» ստեղծագործությունները միավորվում են տրամադրություն փոխանցելու ակնառու ուժով և գունային հետաքրքիր զուգորդումներով: Մի-մի ամբողջական պատ են զբաղեցնում Իջևանի համալսարանի դասախոսներ Գևորգ Ջավրուշյանի, Արևիկ Խաչատրյանի և Սերգեյ Հովհաննիսյանի բազմաոճ գործերը:

Ցուցահանդեսի միակ քանդակագործական աշխատանքի («Տավուշ») հեղինակը դարձյալ նույն ուսումնական հաստատությունից է՝ Դավիթ Պողոսյան:

Հնուց ևեթ Իջևանի տարածաշրջանը հայտնի է եղել գորգագործության հարուստ ավանդույթներով: Բարեբախտաբար, դրանք այսօր ևս չեն կորսվել, և երիտասարդ սերունդը արժանիորեն է վերցրել այդ էստաֆետը: Վկայությունը կարպետային գոբելենի տեխնիկայով արված Հասմիկ Էդիլյանի աշխատանքներն են («Տերևաթափ», «Անծանոթուհին»): Անտեսված չէ նաև մետաքսանկարչությունը (Կարինե Գլոյան) և գրքային նկարազարդումը (Սաշա Հովսեփյան):

«Աշնանային գույներ» ցուցահանդեսի վերլուծությունը. անտարակույս, թերի կլիներ առանց անդրադառնալու Իջևանի պատկերասրահի տնօրեն Սամվել Մելքումյանի ներկայացրած հինգ աշխատանքներին: Դրանք, բոլորն անխտիր, արված են ջրաներկով, վերջինիս վիրտուոզ կիրառմամբ: Քմահաճ այդ նյութն իրեն ենթարկեցնելով՝ նա դրանից կորզել է նորանոր հնարավորություններ: Այն մերթ թափանցիկ դրսևորում ունի, մերթ էլ խիստ մշակված է՝ հասցված նյութական բարձր աստիճանի: Տեխնիկան Սամվելի աշխատանքներում ինքնանպատակ չէ. այն ստորադաս է հեղինակի գաղափարական սևեռումներին: Ասվածի լավագույն արտահայտությունը «Տապան» մեծադիր ստեղծագործությունն է: Այն արվեստագետի մյուս թերթերի նման սիմվոլիստական ուղղվածություն ունի և ինքնատիպ է ստեղծագործական պրոցեսի իրարահաջորդ փուլերի ներկայացման առումով: Իրոք, ուշադիր հայացքի դեպքում կարելի է հետևել նկարչական ընթացքի բոլոր անցումներին: Կոմպոզիցիայի կենտրոնում տապանն է՝ ընկղմված ալիքաձև շերտերով կառուցված ջրաշխարհում, որի մեջ նաև կոսմիկական գալակտիկաներ կան, քեզ նայող կնոջ ակնդետ հայացք և այլն: Իր այս գործի գաղափարական բովանդակությունը նկարիչը հետևյալ կերպ է բանաձևում. «Այն իմ, մեր, բոլոր ժամանակակիցների տապանն է»: Ինչ վերաբերում է նույն հեղինակի հաջորդ՝ «Ծառը» ստեղծագործությանը, ապա այստեղ ևս մի ծառի մեջ ողջ ծառաշխարհի խորհրդանիշն է դրված, իսկ ալիքաձև գունաշերտերի միջոցով ստեղծված է անընդհատ շարժման դինամիկ պատրանք։

Այնքանով, որքանով որ «Աշնանային գույներ» ցուցահանդեսն այս տարվա ամենանշանակալի գեղարվեստական ձեռնարկն է Իջևանում, այն դեռ երկար բաց կմնա քաղաքի արվեստասերների ու հյուրերի առջև: