Նախ հանրապետականը, հետո…

Խորհրդարանական կառավարման անցնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկով պայմանավորված՝ քաղաքական օրակարգում երեկվա իր հարցազրույցով անմասն չմնաց նաև Ռոբերտ Քոչարյանը (տե՛ս «Երևույթը չափազանց վնասակար է»)։
Հայաստանի երկրորդ նախագահը, պարզվում է, խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակից չէ, քանի որ «հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության»:

Քոչարյանը «խելամիտներին» առաջարկել է նաև լավ բացել աչքերը և տեսնել, որ ԲՀԿ-ի նախաձեռնության հետևում ինքը չկա։
Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը ամենայն հավանականությամբ միտված էր արձանագրելու, որ կառավարման համակարգերի վերաբերյալ մոտեցումներով ինքն ամենևին էլ չի տեղավորվում ներկայիս քաղաքական օրակարգի շրջանակում և, առավել ևս, կանգնած չէ դրա հետևում:

ԲՀԿ-ի հայտնի հայտարարությունից հետո որոշ լրատվական և քաղաքական շրջանակներ սկսեցին այս ամենում ինտենսիվորեն Ռոբերտ Քոչարյանին փնտրել։ Նման կասկածների կամ համոզմունքների տարածման մեջ ծպտյալ և հրապարակային առաջամարտիկը ՀՀԿ-ն էր, ինչը կուսակցության կողմից տակտիկական քայլ է՝ միտված վիժեցնելու քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի գործընթացը։

Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության փորձ անող կամ արդեն համագործակցող ՀԱԿ-ում միանշանակ չէ վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Եվ որքան հասարակության մեջ խորանան կասկածները, որ ներկայիս քաղաքական օրակարգի ձեռագիրը Քոչարյանինն է, այդքան Կոնգրեսի համար դժվար կլինի համագործակցության եզրեր գտնել ԲՀԿ-ի հետ։

Նույնը կարելի է ասել «Ժառանգության» առումով։ Եթե հանրությունը հանրապետականների մեսիջները որպես իրականություն ընդունի, ապա թե՛ ՀԱԿ-ի և թե՛ «Ժառանգության» համար բավական դժվար կլինի հանրությանը բացատրել Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու պատճառները: Առավել ևս, որ այս առումով որոշակի դժգոհություններ կան այս կառույցների ներսում։

Երեկվա հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը մի կողմից փորձ է անում կանխել իր անվան հետ կապված շահարկումները, մյուս կողմից՝ չխոչընդոտել քաղաքական ուժերի միջև ուրվագծվող կոնսոլիդացիոն գործընթացները՝ շատ լավ հասկանալով, որ հնարավոր քաղաքական կոնսոլիդացիան ուղղված է լինելու առաջին հերթին ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի դեմ, հետո նոր գործելու է հանուն խորհրդարանական հանրապետության ստեղծման։

Մեկնաբանել