Հռոմի կինոփառատոնի հաղթող ֆիլմը նոյեմբերի 20-ից հասանելի կլինի համացանցում

Ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր Լարի Քլարքի Հռոմի 7-րդ միջազգային կինոփառատոնում հաղթած «Աղջիկը Մարֆայից» ֆիլմը նոյեմբերի 20-ից հասանելի կլինի առցանց դիտման համար: Այս մասին տեղեկացնում է ռեժիսորի պաշտոնական կայքը:

Լարի Քլարքի դեբյուտը դեռահասների կյանքի մասին պատմող «Երեխաներ» ֆիլմն էր: Իր վերջին ֆիլմում ռեժիսորը կրկին անդրադարձել է այս թեմային՝ պատմելով Տեխաս նահանգի Մարֆա քաղաքում ապրող 16-ամյա Ադամի մասին: Սպիտակամորթների և մեքսիկացիների մշտական հակամարտության ֆոնին ներկայացված են Ադամի հարաբերությունները նրա բազմաթիվ ընկերուհիների և Մարֆայում անսպասելիորեն հայտնված ազատասեր մի նկարչուհու հետ:

Լարի Քլարքը լրագրողներին պատմել է, որ ֆիլմը հետազոտում է մարդկային էությունն ու փորձում պարզել, թե ինչն է ձևավորում մարդուն:

Ավելի շատ դիտումներ ապահովելու նպատակով Քլարքը «Աղջիկը Մարֆայից» կինոֆիլմը տեղադրել է իր պաշտոնական կայքում. դիտման համար այն հասանելի կլինի նոյեմբերի 20-ից: Ժապավենը կլինի անգլերեն՝ իտալերեն և ֆրանսերեն թարգմանությամբ: Մեկ դիտման արժեքը 24 ժամվա ընթացքում 5,99 դոլար է:

Հռոմի 7-րդ միջազգային կինոփառատոնն անցել է 2012թ. նոյեմբերի 9-17-ը: Ամերիկացի ռեժիսոր Ջեֆ Նիքոլսի նախագահած ժյուրիի որոշմամբ՝ Լարի Քլարքի «Աղջիկը Մարֆայից» ֆիլմն արժանացել է փառատոնի գլխավոր՝ «Ոսկե Մարկոս Ավրելիոս» մրցանակին:

Մեկնաբանել