Պակիստանի նախկին նախագահը մտադիր է վերադառնալ հայրենիք՝ մասնակցելու ընտրութուններին

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք՝ մասնակցելու 2013թ․ կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Վերջին չորս տարիներին Մուշարաֆն ապրում է Լոնդոնում և Դուբայում։ Պակիստանում նրա դեմ հարուցված է մի քանի քրեական գործ, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի (որի ամուսինը՝ Ասիֆ Ալի Զարդարին, ներկայում զբաղեցնում է Պակիստանի նախագահի պաշտոնը) սպանության կազմակերպման մեղադրանքով։

«Իմ դեմ հարուցված բոլոր քրեական գործերն ունեն բացառապես քաղաքական դրդապատճառներ, և դրա համար իմ ձերբակալման բոլոր հրամանագրերն արձակվել են ոչ թե այն պատճառով, որ մեղադրանքներն ապացուցվել են, այլ այն պատճառով, որ ես դատարան չեմ ներկայացրել։ Իրավական և սահմանադրական տեսանկյունից իմ հասցեին ուղղված մեղադրանքների որևէ հիմք չկա»,- բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի նախկին նախագահը։

Մուշարաֆը, որը պետական բարձրագույն պաշտոնը զբաղեցրել է 2001-2008 թթ․, հայտարարել է, որ իր ունեցած տվյալներով՝ ինքը մեծ ժողովրդականություն է վայելում հայրենիքում՝ չնայած իր դեմ առաջադրված մեղադրանքներին։

«Նայեք իմ էջը Facebook սոցիալական ցանցում,- շարունակել է նա։ – Այսօր իմ կողմնակիցների թիվը գերազանցել է 500 հազ-ը։ Նրանց 92%-ը ապրում է Պակիստանում, ավելի քան 50%-ը 18-34 տարեկան է»։

Մուշարաֆը հայտարարել է, որ մտադիր է Պակիստանում ստեղծել սեփական կուսակցություն։

Փորձագետները, այնուամենայնիվ, կասկածում են, թե նա կվերադառնա հայրենիք, քանի դեռ նրան ձերբակալում է սպառնում։

Պակիստանում խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը դեռ նշանակված չէ։ Ազգային ասամբլեայի ներկայիս կազմը պետք է լուծարվի մինչև 2013թ․ մայիսի 18-ը՝ նոր քվեարկության իրականացման համար։

Մեկնաբանել