20 նոյեմբեր, 2012 14:12

Տնտեսական ակտիվությունը դանդաղում է

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակման՝ այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 4,9%-ով։ Հունվար-հոկտեմբերի կտրվածքով ցուցանիշը կազմել է 7,2%։

Համեմատության համար՝ այս տարվա ինը ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,6% էր, ութ ամիսներինը՝ 8,3%, յոթ ամիսներինը՝ 7,7%, առաջին կիսամյակինը՝ 7,8%, հինգ ամիսներին տնտեսական ակտիվությունն ավելացել էր 7,4%-ով, չորս ամիսներին՝ 7,2%-ով, առաջին եռամսյակում՝ 6,1%-ով։

ԱՎԾ-ի հրապարակումից երևում է, որ տասը ամիսների կտրվածքով տնտեսության հիմնական ճյուղերում գրանցվել է աճի տեմպի դանդաղում։ Այսպես, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 10%, այն դեպքում երբ ինն ամիսներին աճը 11,6% էր, ութ ամիսներին՝ 13,2%։ Արդյունաբերության ոլորտում խնդիրների մասին է վկայում թերևս այն, որ այս հոկտեմբերին, 2011թ. նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 2% անկում։

Աճի տեմպի դանդաղում է արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում և գյուղատնտեսությունում. տասը ամիսներին երկու այս ոլորտներում աճը կազմել է համապատասխանաբար 11% և 8,6%։ Ինը ամիսների կտրվածքով ծառայության ոլորտում աճը 11,2% էր, գյուղատնտեսությունում՝ 10,5%։ Ութ ամիսների ցուցանիշները, համապատասխանաբար, 11,5% և 10,8% էին։

Եթե գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում աճի տեմպի դանդաղումը կարճաժամկետ բնույթ ունի, ապա արդյունաբերությունում այն երկարաժամկետ է և սկիզբ է առել առաջին եռամսյակից (աճը կազմել էր 16,4%)։

Տնտեսության միակ ոլորտը, որում անկումը շարունակել է պահպանվել, շինարարությունն է (տասը ամիսներին անկումը կազմել է 1,2%)։

Սեպտեմբերին 12-ամսյա գնաճի 3,4%-ի պայմաններում առևտրաշրջանառության ծավալները հունվար-հոկտեմբերի կտրվածքով ավելացել են 3,2%-ով, միջին աշխատավարձը՝ 5,1%-ով։ Ուշագրավ է, որ ինը ամիսներին միջին աշխատավարձերի աճը կազմել է 5,5%։ Այս տարվա տասը ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է Դ94,6 հազ. (աճը՝ 4,4%), մասնավոր հատվածում՝ Դ145,5 հազ. (աճը՝ 5,3%)։

Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ տնտեսության հիմնական ճյուղերում աճի տեմպի դանդաղումն անհետևանք չի մնացել աշխատանքի վարձատրության առումով։ Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, միջին աշխատավարձը կրճատվել է 0,2%-ով։ Ընդ որում, պետական համակարգում կրճատումը կազմել է 1,9%։ Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 1,2%։

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է $4,6 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3,4%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպն առաջանցիկ է եղել՝ համեմատ ներկրման։ Տասը ամիսների կտրվածքով արտահանումն ավելացել է 7,3%-ով (մինչև $1,16 մլրդ), ներկրումը՝ 2,1%-ով ($3,43 մլրդ-ի)։ Թեև արտահանման աճի տեմպը գերազանցել է ներկրմանը, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը շարունակել է ավելանալ։ Եթե ութ ամիսներին արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը $1,8 մլրդ էր, ինը ամիսներին՝ $2 մլրդ, ապա տասը ամիսներին՝ արդեն $2,27 մլրդ։