Արժույթի միջազգային հիմնադրամը ներողություն է խնդրել Հունաստանի կառավարությանը ուղարկած «սխալ» նամակի համար, որով Աթենքից պահանջել էր մինչև 2014թ. աշխատանքից հեռացնել բյուջետային ևս 22 հազ. աշխատող բացի այն 27 հազ.-ից, որոնց կրճատումները նախատեսված են արդեն հաստատված օրենքներով, հաղորդում է հունական «Նեա» պարբերականը:
Ուշագրավ է, որ նամակը Հունաստանի ֆինանսների նախարարությունը Աթենքում ԱՄՀ մշատական ներկայացուցիչ Բոբ Տրաայի անունից ստացել է Եվրահանձնաժողովի կողմից Հունաստանին հերթական՝ €31,5 մլրդ տրանշի հատկացման շուրջ քննարկման նախօրեին՝ դառնալով մեծ շփոթմունքի պատճառ կառավարությունում, որը կտրականապես հրաժարվել է կատարել ԱՄՀ նոր պահանջները: ԱՄՀ գրասենյակից ավելի ուշ պարզաբանումներ են ստացվել, ինչը որոշակիորեն հանդարտեցրել է իրավիճակը: Թերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ առկա է մտավախություն, որ միջագային դոնորները, այնուհանդերձ, կրկին կբարձրացնեն բյուջետային աշխատողների կրաճտման հարցը, եթե Աթենքը չկատարի մինչ այս տարեվերջ բյուջետային 2 հազ. աշխատակցի կրճատման պահանջը: Ըստ պարբերականի՝ օգոստոսին ԱՄՀ համանման նամակից հետո փոխվել էր երկրի աշխատանքային օրենսգիրքը:
Վերջին օրերին Հունաստանում աշխատանքից հեռացվել են հարյուրավոր մարդիկ, ինչի դեմ երկուշաբթի ամբողջ երկրում բողոքի ցույցեր են անցակցվել: Ցուցարարները արգելափակել են Աթենքի քաղաքապետարանի շենքը՝ քաղաքապետ Յորգոս Կամինիսից պահանջելով կրճատաման ենթակա անձանց ցուցակները կառավարություն չուղարկել: Ցուցարարները շրջափակել են նաև առողջապահության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության նախարարությունների շենքերը:
Մունիցիպալ աշխատակիցների արհմիության տվյալների համաձայն՝ Հունաստանի 325 մունիցիպալիտետներից միայն 20-30-նն է կառավարություն ուղարկել կրճատման ենթակա հաստիքների ցուցակը: Բարեփոխումների նախարարությունը, իր հերթին նշում է, որ ստացել է 150 մունիցիպալիտետների և 15 նախարարությունների ցուցակը: