Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը

Այսօր առավոտյան 55 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Այս մասին ՍիվիլՆեթին հաղորդեց երգչուհու մտերիմ Նունե Սերոբյանը: Նրա խոսքով` երգչուհին մահացել է լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

1978թ. Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնում մրցանակի է արժանացել: Այնուհետ Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրում: 1991թ. մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995թ. և շարունակել իր երաժշտական գործունեությունը:

1997-2001 թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2002թ. Լոս Անջելեսում` Հոլիվուդ և Բրբենկ քաղաքներում, հիմնել է «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել երգչուհուն:

2006-2007 թթ. առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2 հազ. հայ երեխա` Հայաստանից և այլ երկրներից:

2007թ. հիմնել է Artists for peace բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել էին աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու համար:

Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:

2011թ. նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար:

Նշենք, որ Ֆլորա Մարտիրոսյանի Ֆեյսբուքի էջում վերջին գրառումը կատարվել է նոյեմբերի 15-ին, որով տեղեկացվում էր, որ Pasadena Civic Auditorium-ում նախատեսված համերգը չի կայանա երգչուհու առողջական խնդիրների պատճառով:

Մեկնաբանել