Տնտեսական ակտիվությունը դանդաղում է

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակման՝ այս տարվա հուլիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 7,2%-ով։ Հունվար-հուլիսին կտրվածքով ցուցանիշը կազմել է 7,7%։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա վեց ամիսներին ակտիվությունը կազմել էր 7,8%, հինգ ամիսներին ակտիվությունն ավելացել էր 7,4%-ով, չորս ամիսներին՝ 7,2%-ով, առաջին եռամսյակում՝ 6,1%-ով։ Ստացվում է, որ թեև տարվա երկրորդ կիսամյակը սովորաբար համարվում է ավելի ակտիվ, այս տարվա երկրորդ կիսամյակը Հայաստանի տնտեսությունը սկսել է աճի ավելի համեստ տեմպերով. հունիսին տնտեսական ակտիվությունը կազմել էր 9,3%, իսկ հուլիսին արդեն` 7,2%։

Այս տարվա առաջին յոթ ամիսներին արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 13,4%։ Նշենք, որ աճի տեմպը, թեև կիսամյակային ցուցանիշից ավելի է 0,4 տոկոսային կետով, այդուհանդերձ, դանդաղում է։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոլորտում ցուցանիշը 16,4% էր, չորս ամիսների կտրվածքով՝ 15,3%, հինգ ամիսներին՝ 15%։

Հաշվետու ժամանակահատվածում ծառայությունների ոլորտում արձանագրվել 11% աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 10,2%, առևտրաշրջանառությունն ավելացել է 2,9%-ով։ Տնտեսության միակ ոլորտը, որտեղ անկումը պահպանվել է, շինարարությունն է (այս տարվա յոթ ամիսներին անկումը կազմել է 5,2%)։

Այս հունվար-հուլիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է $3,13 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8,1%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպն առաջանցիկ է եղել՝ համեմատ ներկրման։ Յոթ ամիսների կտրվածքով արտահանումն ավելացել է 13,1%-ով ($802 մլն-ի), ներկրումն աճել է 6,4%-ով ($2,34 մլրդ-ի)։

Նշենք, որ ինչպես արդյունաբերության ոլորտում, այնպես էլ արտահանման մասով աճի տեմպերը դանդաղում են։ Այսպես, եթե առաջին եռամսյակում արտահանման աճի տեմպը 32,5% էր, ապա չորս ամիսների կտրվածքով այն արդեն 17,8% էր, հինգ ամիսներին՝ 15,2%, կիսամյակի կտրվածքով՝ 13,5%։

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում ամսական միջին աշխատավարձն աճել է 4,6%-ով ՝հասնելով 116,9 հազ. դրամի (համեմատության համար նշենք, որ կիսամյակի կտրվածքով միջին աշխատավարձը կազմել էր 117,6 հազ. դրամ)։ Մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 4,6%-ով՝ կազմելով 143,9 հազ. դրամ (առաջին կիսամյակում՝ 146,4 հազ.), պետական համակարգում՝ 4,2%-ով՝ կազմելով 93,9 հազ. դրամ (կիսամյակի կտրվածքով՝ 93,26 հազ. դրամ։)։

Նշենք, որ հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 2,3%։

Մեկնաբանել