23 նոյեմբեր, 2012 14:40

«Դեղերի մասին» նոր օրենքի անհրաժեշտություն կա. մասնագետ

Հայաստանյան դեղագործական ընկերություններից ընդամենը երեքն են պատրաստ եվրոպական GMP (պատշաճ արտադրական գործունեության կանոններ) ստանդարտի հավաստագիր ստանալուն` «Լիկվորը», «Արքիմեդը» և «Ֆարմատեքը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։

Նա հիշեցրեց, որ կառավարության 2010թ. որոշման համաձայն` հայկական բոլոր դեղագործական ընկերությունները 2013թ. հունվարի 1-ից պետք է անցնեն եվրոպական GMP չափանիշների հավաստագրման պրոցեսը։

«Այս լիցենզավորումը նշանակում է, որ դեղերի արտադրանքը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին՝ հիգիենայից սկսած մինչև աշխատողների կրթությունը»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ այն հնարավորություն կտա հայաստանյան դեղարտադրողներին եվրոպական շուկա դուրս գալու:

«Մինչ այսօր հայկական դեղարտադրողները 50%-ի չափով արտահանում են իրենց արտադրանքը, բայց հիմնականում ԱՊՀ երկրներ, որտեղ GMP հավաստագրեր չէին պահանջում: Սակայն նրանք նույնպես առաջիկա մեկ տարվա ընթացքում պահանջելու են: Մի շարք հայկական արտադրողներ հնարավորություն ունեին արտահանել իրենց արտադրանքը Ճապոնիա, Ավստրալիա, Կորեա, Իրաք, սակայն GMP հավաստագրեր չունեալու պատճառով արտահանումը չկայացավ»,- նկատեց Զաքարյանը:

Անդրադառնալով «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծին` բանախոսը նշեց, որ Հայաստանում  դեղերի ոլորտի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը վաղուց կար, քանի որ 1998թ. ընդունված «Դեղերի մասին» ՀՀ օրենքն արդեն չէր համապատասխանում այն չափանիշներին, որոնք ձևավորվել էին 14 տարիների ընթացքում: Նախագիծը կառավարությունում կներկայացվի դեկտեմբերին:

Զաքարյանի խոսքով` իրենց անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ դեղերի շուկան կայուն է, համատարած թանկացումներ չկան, թանկացել են մի քանի դեղեր` 6-8%-ով:

Ըստ Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահի` դեղերի թանկացման զսպողական քաղաքականություն չի տարվում, սակայն նոր օրենքով հնարավոր է սահմանափակվի ներկրողների և դեղատների կողմից ավելացվող գումարը, առաջինի դեպքում մինչև 15%, երկրորդի դեպքում` 25%:

Զաքարյանը տեղեկացրեց նաև, որ վերջին մեկ տարում կեղծ դեղերի հայտնաբերման հինգ դեպք է արձանագրվել: Նրա խոսքով` շուկայում առկա հնդկական արտադրության դեղերը քիչ արդյունավետ են, քան եվրոպական կայացած բրենդներինը: Զաքարյանի հավաստամամբ` տեղական դեղերն անվտանգ են, քանի որ անցնում են նույն փորձաքննությունը, ինչ–որ ներկրվողները: