Եգիպտոսի ընդդիմությունը բողոքի ակցիաների կոչ է անում

Ակնկալվում է՝ այսօր Եգիպտոսում տեղի կունենան բողոքի զանգվածային ակցիաներ՝ ընդդեմ երկրի նախագահ Մուհամադ Մուրսիի՝ նախօրեին արձակած հրամանագրի, որը զգալի ընդլայնում է նրա լիազորությունները, հաղորդում է BBC-ն։

Եգիպտոսի ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության) նախկին ղեկավար, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մուհամադ ալ Բարադեին և Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, իրենց կողմնակիցներին կոչ են արել բողոքի ցույցեր իրականացնել եգիպտական քաղաքների հրապարակներում։

Մուհամադ ալ Բարադեին Մուհամադ Մուրսիին մեղադրել է իրեն Եգիպտոսի նոր «փարավոն» հռչակելու մեջ։

Համաձայն վերոնշյալ հրամանագրի տեքստի՝ այժմ ոչ ոք չի կարող վիճարկել կամ չեղյալ հայտարարել Մուրսիի հրամանագրերը, օրենքներն ու որոշումները, անգամ դատարանները։ Հայտարարվում է, որ այդպիսի որոշումն ընդունվել է՝ եգիպտական հեղափոխության ձեռքբերումները պաշտպանելու համար։

Մուհամադ Մուրսին նաև պաշտոնաթող է արել Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդ ալ Մագիդ Մահմուդին, նոր գլխավոր դատախազ է նշանակել Տագլատ Իբրահիմին և կարգադրել է իրականացնել մի շարք քրեական գործերի վերանայում՝ ընդդեմ նրանց, ովքեր մեղադրվել են Հոսնի Մուբարաքի կառավարման օրոք բողոքի ակցիաների մասնակիցների վրա հարձակումների իրականացման մեջ։

Մեկնաբանել