Նոյեմբերին Հայաստանն ընդգրկվել է ԵԽ մեկ և ՄԱԿ-ի երկու կառույցներում

2012թ. նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ և ՄԱԿ-ի երկու կառույցներում, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայում այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը: 2008թ. ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ պայքարի կոնվենցիան վավերացրած երկրների կողմից կոնվենցիայի դրույթների կատարումը:

Հայաստանը վերընտրվել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2013-2019 թթ. Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում (UNCITRAL): Միջազգային իրավունքի հանձնաժողովը ՄԱԿ-ի առանցքային իրավական մարմինն է միջազգային առևտրային իրավունքի ոլորտում: Նրա խնդիրը մասնավոր իրավունքի նորմերի արդիականացումն ու համապատասխանեցումն է միջազգային իրավունքի նորմերին:

Հայաստանն անդամակցել է նաև ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեին (COPUOS): Հայաստանի անդամակցության օգտին քվեարկել է ՄԱԿ-ի ԳԱ 4-րդ կոմիտեն:

Մեկնաբանել