Սերժ Սարգսյանն ընդունել է Իոսիֆ Կոբզոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, որը Երևանում է ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի շրջանակում, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին Հայաստանում, շնորհավորել հոբելյանի առթիվ և նշել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ինչպես մեր, այնպես էլ շատ այլ երկրներում բազմաթիվ երկրպագուներ ունեցող սիրված ու տաղանդավոր երգչին, որը վստահաբար Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամն է:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են Առնո Բաբաջանյանի հետ մեծ բարեկամությանը Իոսիֆ Կոբզոնի հավատարմությամբ, որն արտահայտվում է նաև ամեն պատեհ առիթով հայ անվանի կոմպոզիտորի մասին Իոսիֆ Կոբզոնի մեծարանքի ջերմ խոսքերով:

Իոսիֆ Կոբզոնը շնորհակալություն է հայտնել նախագահին` հյուրընկալության և գնահատանքի համար: Հանդիպմանը նա Սերժ Սարգսյանին իր տպավորություններն է ներկայացրել Հայաստան հերթական այցի և նոյեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում իր բարեգործական համերգն ունկնդրելու եկած հայ հանդիսատեսի ու համերգին մասնակցած հայ երաժիշտների մասին, որոնք, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի խոսքով, բավականին ջերմ հյուրընկալության են արժանացրել իրեն:

Մեկնաբանել