Գյումրիում Ուկրաինայի հյուպատոսություն է բացվել

Գյումրիում նոյեմբերի 24-ին պաշտոնապես բացվել է Ուկրաինայի պատվավոր հյուպատոսություն: Ինչպես հաղորդում են Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունից, պատվավոր հյուպատոս է նշանակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շուրջ 15 տարի Կիև քաղաքում աշխատանքային գործունեություն ծավալած գործարար, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սոս Տիգրանի Սահակյանը: Պատվավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանն ընդգրկում է Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերը:

Սոս Սահակյանը Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանից ստացել է հյուպատոսական վկայագիրը: Հյուպատոսին և բոլոր ներկաներին շնորհավորել է նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հավաստելով, որ քաղաքապետարանը ցանկացած հարցում կօգնի հյուպատոսարանին:

Սա Գյումրիում գործող թվով երրորդ հյուպատոսարանն է. ավելի վաղ Գյումրիում բացվել են ՀՀ-ում ՌԴ և Իտալիայի հյուպատոսարանները:

Մեկնաբանել