Իմ երազանքն առանց դրամի Հայաստանն է. Բագրատ Ասատրյան

Անցյալ շաբաթ Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, դարձավ 19 տարեկան: Դրամի անցած ճանապարհի մասին ՍիվիլՆեթը զրուցել Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ:

-Դրամը դարձել է 19 տարեկան: Որպես արժույթ՝ կայացե՞լ է դրամը:

-Այո, իհարկե, որովհետև դրամը ամեն տեղ կա՝ կենցաղ, մեծ գործարք, փոքր գործարք: Իհարկե խնդիրներ կան, այնպես չէ, որ բոլոր հարցերը լուծված են, բայց դա ավելի շատ պայմանավորված է ոչ թե փողի շրջանառությամբ, այլ տնտեսության մեջ առկա ուրիշ խնդիրներով, մասնավորապես՝ ստվերի: Հայտնի է, որ ստվերի ուղեկիցներից մեկը դոլարիզացիան է: Հատվածներ կան, որտեղ դրամը դեռ չի կարող որոշիչ դեր խաղալ: Կարող եմ հստակ հայտարարել, որ կաշառքները մեր երկրում դրամով չեն տրվում: Բայց ամեն դեպքում, դրամը կայացել է, և մեր տիպի երկրի համար այն իր հաստատուն տեղն ունի:

-Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կարող է առանց ազգային արժույթի գոյատևել: Հայաստանում կարո՞ղ ենք պատկերացնել առանց դրամի:

-Իմ անկեղծ երազանքը հենց դա է: Այո, մենք տարիներ, գուցե դարեր շարունակ երազել ենք սեփական արժույթի մասին: Բայց աշխարհն այսօր փոխվել է, և տնտեսության զարգացման հիմնական միջոցներից մեկը ինտեգրացիան է, մեծ տնտեսական միջավայրը, այդ թվում՝ եթե փողի մասին ենք խոսում: Մեր գերնպատակը պետք է լինի այլ միավորների հետ ինտեգրվելը, քանի որ մեծ հաջողությունները կարող են լինել մեծ երազանքների դեպքում, և ինչու ոչ՝ առաջին քայլը պետք է լինի հարավկովկասյան երկրների տնտեսությունենրի ինտեգրումը, բայց, առաջին հերթին պետք է մտածել եվրաինտեգրման, եվրոգոտի մտնելու մասին: Իմ երազանքն առանց դրամի Հայաստանն է, եվրոյով Հայաստան տեսնելը:

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում քաղաքացիները դրամին վստահո՞ւմ են:

-Ես կարծում եմ, որ այստեղ որևէ կասկած չկա, և դամը դարձել է լիարժեք միավոր այնպիսի տնտեսություններում, ինչպիսին մեր տնտեսությունն է: Այսօր չեք տեսնի մեր տնտեսությունում մի հատված, որտեղ դրամը չընդունվի՝ առևտուրը, գործարքները: Մեր քաղաքացիները համակերպվել են այս մասշտաբի հետ: Իհարկե, այստեղ էլ կան խնդիրներ. մեր հարևան երկրները՝ Ադրբեջանը, Թուրքիան, գնացին դենոմինացիայի՝ փողի մասշտաբը փոխելուն: Կարծում եմ՝ մենք էլ պետք այդ քայլը անենք: Ի վերջո 19-20 տարվա պատմություն ունի մեր փողը, կայացած է, և մենք պետք է նոր մասշտաբի բերենք, որի պարագայում լուման էլ կաշխատի: Սա անհրաժեշտ քայլ եմ համարում, քանի որ դա կարևոր է տնտեսությունը կարգի բերելու տեսանկյունից:

-Եթե կա վստահություն, ինչո՞ւ է Հայաստանում ավանդների մեծ մասը դոլարային:

-Դոլարիզացիայի խնդիրը իր բնութագրերը ունի, և դա պետք է ժամանակագրական իմաստով դիտարկենք: Այն արդեն պայմանավորված է տնտեսության ընթացիկ խնդիրներով: Մեր տնտեսությունը վերջին ճգնաժամից հետո՝ վերջին չորս տարիների ընթացքում դրամի զգալի արժեզրկում արձանագրեց՝ 25%, որի պարագայում պարզ է՝ ֆինանսական հաստատաությունները և անհատները կնախընտրեն իրենց խնայողությունները պահել դոլարով: Դա բնավ էլ չի նշանակում, որ դրամը նահանջում է: Այս խնդրի հաղթահարման ճանապարհը մակրոտնտեսական կայունությունն է և ոչ թե փոխարժեքի կայունությունը, ինչպես նաև թափանցիկ տնտեսական քաղաքականության իրականացումը, որի պարագայում յուրաքանչյուր ներդրող կկարողանա լիարժեք ընտրություն կատարել՝ ինչպես պահել իր խնայողությունները: Պետք չէ սարսափով վերաբերվել սրան, քանի որ տնտեսական առավել լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է լինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում և որոնց լուծման դեպքում դրամն իրեն ավելի կայուն և հանգիստ կզգա:

Ձեր պաշտոնավարման տարիններին, երբ որոշվում էր դրամի տեսքը, ինչպե՞ս կատարվեց դա՝ ով պիտի լինի դրամի վրա պատկերված, ինչպիսի՞ն պետք է լինի դրամը:

-Այն ժամանակ Կենտրոնական բանկը շատ լուրջ ուսումնասիրություն կատարեց, ավելին՝ 1996թ. ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում նաև մշակույթի գործիչներ կային, օրինակ՝ նկարիչ Գրիգոր Խանջյանը: Հանձնաժողովը իր առջև խնդիր դրեց ուսումնասիրել և գնահատել մեր փողը՝ տեսքի լուծումների և դիզայնի տեսանկյունից: Ի վերջո, պետք է վշտացնեմ, իր բնութագրերով ստացվեց ասիա-աֆրիկյան փող, քանի որ փողի վրա հիմնականում շինություններ էին պատկերված, ինչպես ասիական երկրներում: Սկսեցինք ուսումնասիրել մայրցամաքային սկզբունքով: Ես անձամբ միշտ ձգտել եմ եվրոպական փողին՝ վստահ լինելով, որ մենք եվրոպացի ենք: Հիմքում դրեցինք եվրոպական փողի նմուշը: Մշակվեցին փողի հիմնական նմուշները և մրցույթներ հայտարարվեցին: Այսինքն՝ այն ժամանակ լուրջ աշխատանք է տարվել, ինչը հիմա չկա: Օրինակ, ես շատ զայրացած եմ 50-հազարանոց թղթադրամի տեսքի համար, որտեղ քրիստոնեական սիմվոլիկա է դրվել: Ես մեկ ժամ ելույթ եմ ունեցել Էջմիածնի հոգևոր խորհրդում, և իմ խնդրանքն այն էր, որ չհամաձայնեն այդ սիմվոլիկային: Մեկ տարի ինձ հաջողվեց հետաձգել դա, սակայն ի վերջո չստացվեց: Մենք քաղաքացիական հասարակություն ենք, մենք քրիստոնեական պետություն չենք, մենք երկիր ենք, որտեղ կա խղճի ազատություն և որտեղ կարող են ապրել ոչ միայն քրիստոնյաներ, պետք է համամարդկային արժեքների մասին խոսել: Փողը վերազգային երևույթ է, և որքան այն նեղացվի, այնքան ավելի մեծ կորուստներ կունենանք, ընդ որում՝ գլոբալ բնագավառում: Սա նահանջ է տասը տարի առաջ որոշված սկզբունքից: Ինչո՞ւ ենք շեղվում այդ սկզբունքից, թե՞ մենք կրոնապետություն ենք դարձել: Փողի դիզայնը իմ երազանքն է եղել՝ մանկական պատկերասրահի աշխատանքների պատկերով փող, որը այն ժամանակ՝ մեր պետության դեռ նոր կայացման ժամանակ, կարող էր նպաստել Հայաստանի միջազգային ճանաչմանը: Փողի հետ շփվելը մշակույթ է, այդ մշակույթը ևս ստիճանաբար կայանում է: Պետք է բոլորը դրամապանականեր ունենան, քանի որ փողը բացի մշակութային արժեքից, նյութական արժեք է, նրա հետ պետք է զգույշ վարվել:

Զրուցել է Տաթև Ղազարյանը

Մեկնաբանել