«Արմավիան» հրաժարվում է վարկանշումից

Ազգային ավիափոխադրողը որոշել է հրաժարվել վարկանիշից։ Կենտրոնական բանկը դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը։ Ըստ ԿԲ հաղորդագրության՝ վարկանշումը դադարեցվել է ընկերության նախաձեռնությամբ։ «Արմավիայի» ընթացիկ վարկանիշը «Գ+» է (անփոփոխ է 23.07.2010թ.)։

Վարկանշումից հրաժարվելու փաստը ուշագրավ է, և ամենայն հավանականությամբ պայմանավորված է «Արմավիա» ավիափոխադրողի ծանր ֆինանսական վիճակով։ Անկախ ընկերության պարտքային խնդիրներից, մասնավորապես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ, ԿԲ-ն մինչ այժմ չի վերանայել ընկերության վարկանիշը։ Հասկանալի է, որ կարգավորիչը վաղ թե ուշ դիմելու էր նման քայլի։

Չի բացառվում, որ «Արմավիային» մտահոգել է նաև ԿԲ-ին ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու հանգամանքը։ Ընկերությունների վարկանշման կարգի համաձայն՝ ԿԲ-ն վարկանիշ շնորհում կամ վերանայում է հիմք ընդունելով ընկերության ֆինանսական վիճակը։ Ձեռնարկությունը ԿԲ-ին պարտավոր է տրամադրել տարեկան և կիսամյակային ֆինանսական հաշվետվություններ։

«Արմավիայի» կողմից միջանկյալ ֆինանսական հաշվետվության քողարկումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ ավիաընկերությունը բանկերին հոկտեմբերի վերջին պարտք է մոտ $20 մլն։ Չնայած բանկերը դեռևս չեն շտապում դասակարգել պարտքային խնդիրներ ունեցող «Արմավիայի» վարկերը, սակայն ֆինանսական հաշվետվության հրապարակայնությունը կարող է էապես փոխել բանկերի վարքագիծը։

Մեկնաբանել