Հարսնաքարի մեղադրյալներից մեկը միջնորդում է, որ իրեն «Կյաժ» չանվանեն

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է Հարսնաքարի գործով դատական նիստը:

Նիստի սկզբում ամբաստանյալ Արման Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին զերծ մնալ իր անձի վերաբերյալ որևէ հայտարարություն անելուց: Ամբաստանյալի խոսքով` դեկտեմբերի 5-ի նիստից հետո լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Եգորյանը վիրավորական արտահայտություններ էր արել մեղադրյալ Խաչատրյանի հասցեին:

Հարցազրույցում Եգորյանը Խաչատրյանին անվանում է մականունով՝ «Կյաժ», և նշում, որ իր ցուցմունքում Խաչատրյանն իրեն ներկայացնում է որպես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ: Խաչատրյանի խոսքով` ինքը չի ասել, թե Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է:

Պաշտպանյալին լրացնելով` փաստաբան Ավագ Լալայանն ասաց, որ իր պաշտպանյալն ունի անուն-ազգանուն և խնդրեց «Կյաժ» մականունով չդիմել Խաչատրյանին: Պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` դատավարական սանկցիաներ կիրառել Եգորյանի նկատմամբ՝ հիմնավորելով, թե նրա կողմից խախտվել են դատավարական էթիկայի նորմերը:

Դատախազ Արթուր Դավթյանը դեմ արտահայտվեց միջնորդությանը՝ նշելով, թե այն դատական գործընթացի հետ կապ չունի:

Տուժողի իրավահաջորդի նեևկայացուցիչ Վահե Գրիգորյանը համաձայնեց դատախաց Դավթյանի հետ և հավելեց, թե Եգորյանի հայտարարությունը չի կատարվել դատական նիստի ընթացքում, ուստիև դատարանը չի կարող անդրադառնալ դրան: Իսկ եթե արված հայտարարության մեջ Խաչատրյանը զրպարտություն կամ վիրավորանք է տեսնում, ապա դրա համար կան դատական համապատասխան ընթացակարգ, որոնց, ըստ փաստաբանի կարող է դիմել Խաչատրյանը:

Դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունը՝ հիմնավորելով, որ պաշտպան Լալայանի կողմից չեն ներկայացվել և դատարանի տրամադրության տակ չկան ապացույցներ, որ Եգորյանը՝ որպես դատավարության մասնակից, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատավարական կողմերի նկատմամբ: Բացի դրանից` դատավորը նշեց, որ դատարանը չի կարող արգելել որևէ տվյալի հրապարակումը, իրավասու չէ կիրառել դատավարական սանկցիա և կոչ արեց միայն հետագա հնարավոր հայտարարություններում լինել օբյեկտիվ:

Մեկնաբանել