9 դեկտեմբեր, 2012 19:00

Հայաստանի աղը՝ Գյումրին

Համեմատությունը Հովհաննես Շիրազինն է: Ծնված լինելով Գյումրիում՝ նա էլ, իր մյուս համաքաղաքացիների նման, պաշտելու աստիճան սիրում էր ծննդավայրն ու նրա մարդկանց: Խորապես գիտակցում էր ու շատ լավ գիտեր՝ ինչ որ եղավ, Գյումրիով եղավ: Մինչև կյանքի վերջ նա պահպանեց տեղի բարբառի համնուհոտը, նիստուկացի ելևէջները: Միշտ ափսոսում էինք, որ մեծ բանաստեղծը չտեսավ 1988թ. փետրվարյան զարթոնքը, բայց և բարեբախտություն էր, որ ականատեսը չեղավ իր հայրենի ոստանի կործանմանը նույն տարվա դեկտեմբերին:

1988թ. ավերիչ երկրաշարժը Գյումրիի շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանեց երկու անհավասար մասերի։ Հին պատմություն ունի Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը: Վերջինս իր ուղեգրություններում հիշատակել է հույն պատմիչ Քսենոփոնը: Կումայրի անունով բնակավայրի մասին առաջին պատմական տեղեկությունը տվել է Ղևոնդ պատմիչը (VIII դ.): Պատմական այդ անունը դարերի ընթացքում հոլովվում, փոփոխվում է՝ վերածվելով Գյումրիի: Փոխվում է նաև ինքը՝ քաղաքը: Տնտեսական աշխուժացումը սկսվում է հատկապես ռուս-պարսկական (1826-1828) և ռուս-թուրքական (1828-1829) պատերազմներից հետո, երբ Էրզրումից, Կարսից, Մուշից ու Բայազետից հազարավոր հայեր են գաղթում այստեղ: Օգտվելով ռուսական կայսրության տված արտոնություններից՝ նրանք որոշում են ընտանիքներով բնակություն հաստատել Ախուրյան գետի ձախակողմյան ափին գտնվող այդ բնակավայրում՝ սկսելով նոր տներ կառուցել և շենացնել այն:

Սև բերդի կառուցման ավարտի կապակցությամբ 1837թ. հոկտեմբերի 4-ին Գյումրի է ժամանում Նիկոլայ I ռուսական կայսրը՝ մասնակցելով նաև նահատակ թագուհի Ալեքսանդրա Հռոմեացու անունը կրող ռուսական եկեղեցու հիմնարկեքին: Ռուս կայսեր հրամանով քաղաքը վերանվանվում է Ալեքսանդրապոլ: Վերջինս քաղաքային բնակավայր է հռչակվում 1840թ.՝ ենթարկվելով նոր ու կանոնավոր հատակագծման և կառուցապատման:

XIX դարի վերջին քաղաքն արդեն ուներ 32 հազար բնակիչ և առևտրաարդյունաբերական ու մշակութային երրորդ խոշոր կենտրոնն էր Անդրկովկասում՝ Բաքվից ու Թիֆլիսից հետո: 1912թ. առաջինն այստեղ բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Մինչև 1919թ. Հայաստանում գեղարվեստական ցուցահանդեսներ կազմակերպվել են միայն այս քաղաքում: Տեղի նկարչական դպրոցը, որ հիմնադրվել է 1921թ. և կրում է անվանի քանդակագործ Մերկուրովի անունը, կյանքի ուղեգիր է տվել այնպիսի նշանավոր նկարիչների, ինչպիսիք են Մարիամ ու Երանուհի Ասլամազյանները, Խաչատուր Եսայանը, Կարապետ Տիրատուրյանը, Հակոբ Անանիկյանը, Ռաֆայել Աթոյանը, շատ ուրիշներ: Մինչև Երևան տեղափոխվելը նախ այստեղ դրվեց Պետական համալսարանի հիմքը:

XX դարի սկզբին տեղական տպարաններում հրատարակվել են աշուղներ Ջիվանու, Շերամի, բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի, Աթաբեկ Խնկոյանի, բանասեր Գարեգին Լևոնյանի և հայ մշակույթի շատ այլ գործիչների գեղարվեստական գրքերն ու երկասիրությունները:

Գաղտնիք չէ, սակայն, որ Ալեքսանդրապոլը հիմնականում եղել է արհեստավորական քաղաք, որտեղ զարգացող արհեստների թիվն անցնում էր հարյուրից: Դրանք համաձույլ էին քաղաքի կառուցապատման ընթացքին։ Գյումրեցի վարպետների կառուցած յուրաքանչյուր շենքի վրա թե՛ ճարտարապետի, թե՛ շինարարի, թե՛ երկաթագործի ու փայտագործի աշխատանքի դրոշմը կա: Մինչ այսօր էլ աչք են շոյում շենքերի բազմաշերտ քիվերը, երկաթակուռ դարպասները, լուսամուտների փայտե երեսակալները: Հետաքրքիրն այն է, որ գեղեցիկի բոլոր օրենքներով կառուցվել են ոչ միայն թանգարաններն ու հասարակական շինությունները, այլև սովորական բնակելի տները: Ու չնայած իրենց արտաքին-ոճային բազմազանությանը՝ դրանք ներքին մի միասնություն են կազմում։

Ուսանելի է մեր ոսկեձեռիկ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հետևյալ խոսքը. «Սիրում եմ Լենինականը՝ Շիրակի կենտրոնը: Շիրակի, որ մեր սքանչելի Անիի հայրենիքն է: Այստեղ է ձևավորվել մեր ժողովրդի ճարտարապետական արվեստ մեծ դպրոցը: Լինելով Արցախի ծնունդ՝ իմ շնորհքի ակունքը ես տեսնում եմ այստեղ՝ Շիրակում»: Բարեբախտություն էր այն, որ աթեիստական խանդավառության տարիներին հնարավորինս քիչ տուժեցին պաշտամունքային կառույցները, որոնք քաղաքին տվել ու տալիս են հնօրյա շունչ և ազգային անշփոթելի նկարագիր:

Իսկական վայելք է Գյումրիով քայլելը։ Հայացքիդ առջև պարզվում են սև սրբատաշ քարերով կերտված և կարմիր տուֆով շրջանակված պատուհաններ ունեցող, մեկը մյուսից գեղեցիկ հնակառույցները։ Դրանք այստեղ պահպանվել են ամբողջական թաղամասերով։ Կարելի է շնչահեղձ լինել այդ աննկարագրելի գեղեցկությունից: Այս քաղաքում գեղեցիկի հանդեպ նախաստեղծ սեր կա, որ վերածվում է մերթ կամարակապ մուտքի, մերթ դրվագազարդ ջրամանի, մերթ էլ դառնում գեղանկարչական կտավ ու երաժշտական ստեղծագործություն:

Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը ինքնատիպ է ու գրավիչ: Դրանում տարրեր կան թե՛ ռուսական քաղաքաշինությունից, թե՛ եվրոպական կլասիցիզմից ու նեոկլասիցիզմից, թե՛ XX դարի սկզբի մոդեռնիզմից և թե՛ խորհրդային կոնստրուկտիվիզմից: Գյումրեցի արհեստավորները, սակայն, դրանք այնպիսի վարպետությամբ են համադրել ու տեղայնացրել, որ ստեղծել են ազգային բնիկ միջավայր: Այդ գեղեցիկ միջավայրն էլ իր հերթին կրթում է մարդու հոգին, գեղագիտորեն դաստիարակում նրան, օժտում արվեստագետի հայացքով:

Նույնիսկ 1988թ. երկրաշարժն անզոր եղավ քանդել-ավերելու գյումրեցի վարպետների ձեռքով կառուցած ամուր հնակառույցները: Դրանք, բարեբախտաբար, մնում են որպես քաղաքի հնության վավերագրեր և նրա բնակիչների հոգու ազնվության հավաստագրեր։

Այսօր, իհարկե, խեղճացել է գյումրեցին, կքել առօրյա հոգսերի բեռի տակ: Չէ՞ որ հազարավոր ընտանիքներ 24 տարի շարունակ ապրեցին մետաղյա տնակներում: Մի ամբողջ սերունդ մեծացավ, որ աշխարհը տեսավ ու ընկալեց «դոմիկների» նեղ պատուհաններից: Անմարդկային պայմանները, սակայն, չչարացրին գյումրեցիներին, նրանք մնացին նույն անքեն ու սրամիտ մարդիկ: Ու չպիտի կորցնել Գյումրին, պիտի պահել գյումրեցու ոգին՝ Հայաստանի աղը ցրիվ չտալու համար։

Լևոն Լաճիկյան, արվեստաբան