Աշխարհագրություն և կոռուպցիա

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան Հայաստանում բիզնեսով զբաղվելու երկու հիմնական խոչընդոտ է տեսնում՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը և կոռուպցիան: Այսօր հրավիրված ասուլիսին նա հայտարարեց, որ չնայած այս տարի կառավարությունը ծրագրում է 0.6%-ով բարձրացնել հարկահավաքման ցուցանիշը, բայց այդ պոտենցիալը առնվազն 4-5% է: Տոլոսան օրինակ բերեց Վրաստանին, որտեղ այդ ցուցանիշը մոտ 8%-ով բարձր է Հայաստանի ցուցանիշից:

ԱՄՀ-ն 2013թ. Հայաստանում 4-4,5% տնտեսական աճ է ակնկալում: Գիերմո Տոլոսայի խոսքով՝ չնայած տնտեսական աճին՝ Հայաստանում հարկահավաքման ցուցանիշը շարունակում է ցածր մնալ: «Մենք գիտակցում ենք, որ դա նաև մեր սխալն է: Մենք չենք կարողացել Հայաստանին օգնել հարկային եկամուտների ավելացման հարցում, ինչը էական կլիներ երկրի համար: Սակայն ընթացիկ ծրագրի շրջանակում արձանագրվել է որոշակի առաջընթաց: Ակնկալում ենք, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն [ներկայիս մոտ 17%-ից] այս տարի կաճի 0,6 տոկոսային կետով»,- ասաց Տոլոսան՝ ընդգծելով, որ իրականում հարկերի հավաքագրման աճի պոտենցիալն ավելի մեծ է` առնվազն ՀՆԱ-ի 4-5%-ի չափ: Նա օրինակ բերեց հարևան Վրաստանին, որտեղ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը մոտ 25% է:

ԱՄՀ մշտական ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի բյուջեի պակասուրդը 2012թ. կլինի ՀՆԱ-ի 2,6%-ի սահմաններում, իսկ սղաճը այս և հաջորդ տարի կմնա նույնը՝ 4%: Տոլոսայի խոսքով՝ քանի որ այս տարի տնտեսական աճը զգալիորեն բարձր է, աղքատության ցուցանիշը կնվազի:

ԱՄՀ ներկայացուցիչը Հայաստանում օտարերկրյա ներդրումների կրճատումը պայմանավորում է տարածաշրջանային և համաշխարհային ներդրումների կրճատման միտումներով: Ըստ նրա՝ Հայաստանում այդ անկումն ավելի է զգացվում, քանի որ այստեղ գործարարությամբ զբաղվելն ավելի դժվար է:

«Հայաստանում դեռ ավելի դժվար է գործարարությամբ զբաղվել, քան տարածաշրջանի այլ` Հայաստանի հետ համեմատելի երկրներում: Չնայած իրավիճակը բարելավվում է, և, իհարկե, Հայաստանը սկսել է աճ արձանագրել Doing Business-ի զեկույցներում, որն արտացոլում է այն զգալի ջանքերը, որոնք այս ուղղությամբ իրականացվել են, սակայն դեռ դժվար է գործարարությամբ զբաղվելը, ներդրումներ ապահովելը, հատկապես, երբ դժվար ժամանակներ են գալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու դժվարություններից մեկը երկրի աշխարհաքաղաքական իրավիճակն է: Երկրորդ խնդիրը, ըստ նրա, կոռուպցիոն ռիսկերն են, երբ տնտեսվարողներն իրենց գործունեությունն իրականացնելիս ստիպված են կաշառք տալ կառավարական չինովնիկներին:

Տոլոսան հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը կկարողանա լիովին կատարել ԱՄՀ-ի պարտքի սպասարկումը: «Մենք սկսելու ենք ԱՄՀ-ի նոր ծրագրի քննարկումները, և եթե առաջիկա ամիսներին համաձայնություն ձեռք բերվի, ապա ավելի կհեշտացնենք Հայաստանի համար մարումների կատարումները»,- ասաց նա:

Տոլոսան տեղեկացրեց, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին $51,4 մլն վարկ հատկացնելու որոշումը` «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի շրջանակում: Ֆինանսավորման ընդհանուր գումարը $408 մլն է (հաստատվել է 2010 թ. հունիսին), որից $325 մլն-ն արդեն հատկացվել է:

Նվարդ Հովհաննիսյան

Մեկնաբանել