16 դեկտեմբեր, 2012 20:00

Հետմահու ու անհայտ նկարներով

Կամո Նիգարյանի մահվան առաջին տարելիցին՝ դեկտեմբերի 23-ին ընդառաջ Ժամանակակից արվեստի թանգարանը առաջարկել է կազմակերպել նկարչի անհատական ցուցահանդեսը: Նախաձեռնությանը միացել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, և նկարչի այրու՝ Մարինե Հարոյանի օգնությամբ մեկտեղվել են նկարչի՝ նախկինում երբևէ չցուցադրված աշխատանքները: Ցուցադրությունն առաջին անգամ ներկայացնում է Կամո Նիգարյան աբստրակցիոնիստին:

Կամո Նիգարյանը արվեստասեր հանրությանը ծանոթ է իբրև նեո-էքսպրեսիոնիստ: Ծնվել է 1950թ. Ադրբեջանի Հելենդորֆ քաղաքում։ 1973թ. ավարտելով Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Նիգարյանը խորհրդային շատ արվեստագետների պես աշխատել է որպես դիզայներ՝ զուգահեռ շարունակելով ստեղծագործել որպես նկարիչ և լուսանկարիչ: Նա տասը տարի սեփական տիեզերքն է ստեղծել՝ չապավինելով արվեստի որևէ տեսակի կամ ոճի: Երաժշտությունը նրա ինքնարտահայտման և որոնման ևս մեկ ձևն էր. 1970-ականներին Նիգարյանը հիմնել է «Սարդեր» ռոք խումբը, որն այն տարիների ամենահայտնի խմբերից էր։

Նա նաև թատերական ներկայացումների, թանգարանների և ֆիլմերի ազդագրերի հեղինակ է: Արվեստագետի ստեղծած Հեղափոխության, Եղիշե Չարենցի և Սերգեյ Մերկուրովի թանգարանների ցուցադրությունները ցուցահանդեսային ձևավորման լավագույն օրինակներ են։

Չնայած Նիգարյանի զգալի նվաճումներին որպես նկարիչ, լուսանկարիչ և դիզայներ՝ խորհրդային մշակութային կառույցները հիմնականում անտեսում էին նրա աշխատանքները։ «Արվեստը պիտի վրդովմունք առաջացնի, դա է սկզբերի սկիզբը»,– սիրում էր կրկնել Նիգարյանը: Նրան մշտապես աջակցում էր արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, որը հասկացել էր, թե ինչ ներուժ ունի երիտասարդը:

Կամո Նիգարյանն ընդամենը երեք անհատական ցուցահանդես է ունեցել, ընդ որում՝ առաջինը 17 տարեկանում, Պուշկինի անվան դպրոցում, որտեղ սովորում էր: 130 աշխատանքից բաղկացած էքսպոզիցիան լայն արձագանքի արժանացավ թերթերում, և Կամոն որոշեց՝ հետագա տարիներին մերժելու է անհատական ցուցահանդես կազմակերպելու առաջարկները: Երկրորդ ցուցահանդեսը 2001թ. էր՝ Հայաստանի նկարիչների միության տանը: Իսկ 2010թ. Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Նիգարյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ հանրության համար նորովի բացահայտելով տաղանդաշատ արվեստագետի բազմակողմանի արվեստը: Ցուցահանդեսը նվիրված էր Հենրիկ Իգիթյանի հիշատակին: 2011թ. Կամո Նիգարյանն անժամանակ հեռացավ կյանքից:

Հետմահու կազմակերպված «Նախակերպեր» ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը կարծում է, որ նկարիչն այս ցուցահանդեսին էլ դեմ կլիներ: Կտավների զգալի մասը վնասվել է արվեստանոցում։ «Մենք դրանք շրջանակների մեջ ենք դրել, սակայն հետագայում երկարատև վերականգնողական աշխատանք է սպասվում»,– ասաց Վիգեն Գալստյանը: Հիմնավորելով կտավները ցուցադրելու որոշումը՝ նա ասաց, որ Նիգարյանի վերացական ոճում ստեղծած աշխատանքները չափազանց կարևոր են հայ աբստրակցիոնիզմի զարգացման ընդհանուր պատկերը ձևավորելու համար: «Հայաստանում վերացական արվեստն ուսումնասիրված չէ: Մենք պատկերացում չունենք՝ ինչ է հայ աբստրակցիոնիզմը: Կան նկարիչներ, որոնք ստեղծագործել են այդ ոճում, բայց պատմական շառավիղը ներկայացված չէ: Այս ցուցադրությունը մեծ ներդրում է այդ առումով»,– ասաց նա:

Կամո Նիգարյանը սկսել է հետաքրքրվել վերացական արվեստով 1980-ական թթ., երբ լայն տարածում ստացավ ֆիգուրատիվ արվեստը կամ տրանս-ավանգարդը, որը ներառում է արվեստի բոլոր այն գործերը, որոնք պահպանում են իրականության հետ նմանությունը: «Նախակերպերում» տեղ է գտել մոտ հիսուն աշխատանք, որոնք բացահայտում են Նիգարյանի՝ փիլիսոփայականորեն հագեցված փնտրտուքի արդյունքները: Նրա կտավները, չնայած վերացականությանը, կոնկրետ իրադարձություններով և ժամանակի ոգով են ներշնչված և, այդ իսկ պատճառով, ընթեռնելի են: Վիգեն Գալստյանի խոսքով՝ դրանք համակարգերի և համակարգերի փլուզման մասին են: Նիգարյանի վերացական աշխատանքները կերտվել են ընդհատվող պարբերականությամբ՝ նրա ստեղծագործական ուղու վճռորոշ պահերին՝ ազդարարելով ստեղծագործողի գաղափարների և գեղագիտական մոտեցման փոփոխությունները:

Ցուցահանդեսի բացման օրը՝ դեկտեմբերի 11-ին, կայացավ նաև Կամո Նիգարյանի վերացական աշխատանքների պատկերագրքի շնորհանդեսը: Այն 83 նկար է ներառել, նկարչին նվիրված հոդվածի հեղինակը Վիգեն Գալստյանն է:

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը: