Հունաստանն ավարտել է պատի կառուցումը Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանն ավարտել է Թուրքիայի հետ ցամաքային սահմանին ավելի քան 10 կմ երկարությամբ արգելափակոկցի կառուցումը, որն ուղղված է նվազեցնելու անօրինական միգրանտների հոսքը, հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով հունական լրատվամիջոցները։ Արգելափակոցի արժեքը կազմել է €3,2 մլն։

Կապալառուի խոսքով՝ պատը ձգվում է Կաստանես անցակետից մինչև Մարիցա (Էվրոս) գետը և ներառում է սահմանի ամբողջ ցամաքային տարածքը։ Արգելափակոցի կառուցման համար օգտագործվել է ավելի քան 6 հազ․ խմ բետոն, 800 տ պողպատ և 370 կմ տարբեր տեսակի փշալարեր։ Շինարարությունը տևել է մոտ մեկ տարի, ինչը շատ ավելի երկար ժամանակահատված է, քան նախատեսվել էր։ Կապալառուն դա բացատրում է եղանակային վատ պայմաններով։ Կառուցմանը դեմ էին երկրի ընդդիմադիր ձախ կուսակցություններն ու մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ։

Այժմ անօրինական միգրանտների ճանապարհը Հունաստան զգալի կբարդանա․ նրանք ստիպված կլինեն հաղթահարել կա՛մ արգելափակոցը, որը հսկելու են հույն և եվրոպացի սահմանապահները Frontex առաքելությունից, կա՛մ սահմանային Մարիցա գետը։ Երրորդ՝ առավել վտանգավոր ճանապարհն անցնում է Թուրքիայի ափը հունական մի շարք կղզիներից անջատող նեղուցներով։

Հունաստանի տարածքում կան հարյուր հազարավոր անօրինական միգրանտներ։ Երկրի իշխանությունները վերջին կես տարում զգալի խստացրել են միգրանտների մուտքը հունական տարածք սահմանափակելուն ուղղված միջոցառումները՝ արձագանքելով հասարակությունում ուլտրաաջ գաղափարախոսության ժողովրդականության աճին։ Մասնավորապես՝ ոստիկանական շուրջկալության ընթացքում միայն Աթենքում ձերբակալվել է մոտ 60 հազ․ մարդ։ Կառավարությունը նաև չեղյալ է հայտարարել օրենքը, որը օրինական միգրանտների՝ Հունաստանում ծնված երեխաներին թույլ է տալիս քաղաքացիություն ստանալ։

Մեկնաբանել