Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու մի շարք դեպքեր են բացահայտել Երևանում և մարզերում:
Ինչպես հաղորդում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, բաժնի աշխատակիցները օրերս ոսկերչական ապօրինի գործունեության դեպք են հայտնաբերել Կոտայքի մարզի Քանաքեռավանում, որտեղ Անդրեյ Մանուչարյանը սեփական տան նկուղային հարկում ոսկյա իրեր է զոդել և փայլեցրել:
Ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները` հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները պարզել են, որ Երևանում Հարություն Ղամբարյանը հարկային դաշտից դուրս հիգիենայի պարագաների արտադրությամբ էր զբաղվում, Արման Սարգսյանը` կահույքի, իսկ Ռոբերտ Չեսմեջյանն ամրակների ապօրինի արտադրությամբ:
Մեկ այլ դեպքով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշների «Գլորիա» տեսակի 450 տուփ սիգարետի և տարբեր տարողությամբ ու ապրանքանիշերով 300 շիշ գինու և ավելի քան 1000 շիշ կոնյակների վաճառքը: