24 դեկտեմբեր, 2012 13:46

Ջիվան Գասպարյանը կձայնագրի հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի սաունդթրեկը

Դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանը կձայնագրի «Աշխարհի վերջը» հոլիվուդյան նոր ֆիլմի սաունդթրեկը:

«Հաջորդ տարի կմեկնեմ ԱՄՆ` «Գլադիատոր» ֆիլմի հեղինակների նոր ֆիլմի սաունդթրեկը ձայնագրելո համար»,- ասել է Գասպարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում:

Նա տեղեկացրել է նաև, որ նոր ֆիլմի նկարահանումներն անցնում են մի քանի փուլով, և այն վարձույթ դուրս կգա 2013թ.:

Անդրադառնալով հյուրախաղերի թեմային` դուդուկի մեծանուն վարպետն ասել է, որ իր համերգային շրջագայությունները կշարունակվեն նաև գալիք տարում:

Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը աշխարհի ամենահայտնի երաժիշտներից է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս ոսկել մեդալի արժանացած «դուդուկի արքայի» սկավառակներն ամբողջ աշխարհում վաճառվում են միլիոնավոր օրինակներով: Ջիվան Գասպարյանը  հոլիվուդյան ֆիլմերի համար երաժշտության ձայնագրմանը մասնակցելու պարբերաբար հրավերներ է ստանում աշխարհի առաջատար ռեժիսորներից:

Դուդուկի անվանի վարպետին միջազգային մեծ ճանաչում է բերել հատկապես «Գլադիատոր» կինոֆիլմը, որում դուդուկը ներդաշնակորեն միահյուսվում է դասական սիմֆոնիկ նվագախմբի հետ։