Gangnam style-ն ունի 1 մլրդ դիտում YouTube-ում

Հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam style երգի տեսահոլովակը հաստատել է YouTube ռեսուրսի պատմության ամենադիտված հոլովակի կարգավիճակը` դեկտեմբերի 21-ի դրությամբ հավաքելով մեկ մլրդ դիտում:

34-ամյա կատարողի տեսահոլովակը վիդեոհոսթինգում տեղադրվել է հուլիսի 15-ին: Gangnam style-ը ամենադիտվող հոլովակ է ճանաչվել դեռ նոյեմբերի վերջին` այս ցուցանիշով առաջ անցնելով Ջասթին Բիբերի Baby երգի տեսահոլովակից, որը համացանցում է արդեն 2,5 տարի: Դիտումներից բացի` PSY-ը առաջատար է նաև «լայքերի» քանակով: Այս ռեկորդն արդեն ընդգրկվել է Գինեսի գրքում` որպես YouTube ծառայության ամենասիրված հոլովակ:

Gangam style հոլովակը Սեուլի «Կաննամ» նորաձև թաղամասի բնակիչների յուրահատուկ ծաղրանք է. այստեղ 90-ականների սկզբից հավաքվում է հարավկորեական «ոսկե երիտասարդությունը»:

Մեծ հռչակ ձեռք բերած ռեփերի պարը կրկնել են միլիոնավոր մարդիկ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունից մինչև ֆիլիպինցի բանտարկյալները:

Gangnam Style-ն արժանացել է MTV Europe Music Awards մրցանակի` որպես լավագույն տեսահոլովակ: Այն հիթ շքերթների առաջատար է աշխարհի 28 երկրում:

Մեկնաբանել