Եվրոպական չափանիշները կթանկացնեն հայկական դեղերը

2013թ. հունվարի 1-ից հայկական արտադրության դեղերը կթանկանան` պայմանավորված դեղագործական ընկերությունների կողմից եվրոպական GMP (պատշաճ արտադրական գործունեության կանոններ) չափանիշների անցմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

«Քանի որ GMP չափանիշների անցումն ավելի է խստացնում արտադրության պայմանները, և ավելի շատ ֆինանսական միջոցներ են ներդրվելու արտադրության մեջ, ուստի դեղերը միանշանակորեն կթանկանան` շատ փոքր տոկոսային հարաբերակցությամբ»,- ասաց Զաքարյանը` հավելելով, որ Դեղարտադրողների և ներմուծողների միության բոլոր արտադրողների միջև կա ներքին պայմանավորվածություն, որով սպառողի համար կապահովվեն այսօր գոյություն ունեցող գնային մաքսիմում սահմանները:

Զաքարյանը, սակայն, տեղեկացրեց, որ ներկայում դեղերի շուկայում գները կայուն են:

«Որոշ դեղեր` հումքի, տրանսպորտի փոխադրմամբ և այլ հանգամանքներով պայմանավորված, թանկացել են 6-8%-ով, սակայն ավելի մեծ թվով դեղեր էլ էժանացել են»,- ասաց նա:

Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահի հավաստմամբ` դեղագործական ոլորտն այս տարվա ընթացքում բավական կայուն աճ է գրանցել` 13-14%, իսկ արտահանման չափերն ավելացել են 9-10%-ով:

Զաքարյանի կանխատեսմամբ` կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցության շնորհիվ առաջիկա տարիներին դեղերի արտահանումը 1,5-2 անգամ կավելանա, և դեղամիջոցներ կարտահանվեն նաև Եվրոպա:

Մեկնաբանել