27 դեկտեմբեր, 2012 10:41

Չավեսն իր լիազորությունների մի մասը փոխանցել է փոխնախագահին

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը ներկայում Կուբայում վիրահատությունից հետո բուժման կուրս է անցնում, իր լիազորությունների մի մասը փոխանցել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին, հաղորդում է AFP-ն։

Չավեսի պաշտոնական հրամանագիրը հրապարպարակվել է Վենեսուելայի կառավարության պաշտոնաթերթում։ Համաձայն նախագահի կարգադրության՝ Մադուրոն, մասնավորապես, իր վրա կվերցնի ազգային բյուջեին վերաբերող մի շարք որոշումների ընդունումը։

Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները պահանջել են Չավեսի բազմակողմանի բուժզննում, քանի որ պետության ղեկավարի առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ անորոշ է։

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այս դեկտեմբերին ենթարկվել է 2011թ․ կեսից ի վեր արդեն չորրորդ վիրահատությանը։ Հավանա մեկնելուց առաջ նա ազգային հեռուստատեսության եթերում հայտնել էր մարդու անունը, որին արժանի է համարում պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար, եթե իրեն ինչ-որ բան պատահի։ Նա կոչ էր արել պետության ղեկավար ընտրել երկրի փոխնախագահ, արտգործնախարար Նիկոլաս Մադուրոյին, եթե ծագի նախագահական նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն։ 2013թ․ հունվարի 10-ին Չավեսը պետք է վերաստանձնի նախագահի պաշտոնը մինչև 2019թ․ ժամկետով։