27 դեկտեմբեր, 2012 09:12

Տարին հաջող էր Դավթյանի համար

2012-ը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը տնտեսական առումով հաջող տարի է համարում՝ անկախ օտարերկրյա ներդրումների 35,2% և ուղղակի ներդրումների 53,8% կրճատումից։ Հաջողության գրավականը, ըստ նախարարի, ծրագրված 4,2%-ի փոխարեն ակնկալվող շուրջ 7% տնտեսական, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի 10% աճն է։

Երեկ անցնող տարին ամփոփում էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Այս նպատակով հրավիրած մամուլի ասուլիսին նախարարը նշեց, որ արձանագրված ցուցանիշները գրանցվել են այնպիսի պայմաններում, երբ գլոբալ տնտեսական միջավայրը հազիվ թե հնարավոր էր բարենպաստ անվանել։ Դավթյանը Հայաստանն առանձնացրեց այլ երկրներից՝ այն դասելով դրական դինամիկա արձանագրած պետությունների շարքին։

Անկախ նախարարի լավատեսությունից՝ այս տարի կառավարության ակնկալած 7,1% տնտեսական աճն ըստ էության տուրք է նախագահ Սերժ Սարգսյանի «հանձնարարականին» ու որոշ առումով՝ «թվերի մանիպուլյացիա»։

Այսպես՝ կառավարությունն այս տարվա անվանական ՀՆԱ-ի ծավալը կանխատեսում է ճիշտ այնքան, որքան ծրագրել է 2012թ. բյուջեն կազմելիս։ Ուշագրավն այն է, որ նույն ծավալի պայմաններում տնտեսական աճը գործադիրը նախ հաշվարկել է 4,2%-ի մակարդակում, ապա՝ արդեն 7,1%-ի։

Ցուցանիշի նման աճն իրականում ապահովվում է պարզ գործողության արդյունքում։ Բյուջեն կազմելիս և 4,2% տնտեսական աճ ծրագրելիս ՀՆԱ-ի դեֆլյատորն ընդունվել է 4,62%, ներկայում ցուցանիշը նվազեցվել է մինչև 2,3%։ ՀՆԱ-ի դեֆլյատորն օգտագործվում է իրական ՀՆԱ-ն հաշվարկելու և հետագայում աճի ցուցանիշը ստանալու համար։ Անվանական ՀՆԱ-ի ծավալի անփոփոխ մակարդակի պայմաններում դեֆլյատորի փոքրացումը բերում է տնտեսական աճի ավելի մեծ ցուցանիշի։

Բացի դեֆլյատորից՝ այս տարի վիճակագիրները Դ40 մլրդ-ով դեպի նվազեցում էին ճշգրտել 2011թ. ՀՆԱ-ն՝ այս կերպ ապահովելով ևս 1%-ի տնտեսական աճ։

Պատճառը շուկայի ծավալն է
Հաջողությունները թվարկելիս Տիգրան Դավթյանը երեկ հերթական անգամ վկայակոչեց Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business-2013 զեկույցը, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշը բարելավել է միանգամից 18 կետով՝ 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը։ Հարցին, թե ինչու են այդ դեպքում կրճատվում օտարերկրյա ներդրումները, նախարարը նշեց, որ մեկ տարվա կտրվածքով դատողություններ անելը ճիշտ չէ, քանի որ տնտեսական գործընթացները երկարատև են։ Բացի այդ՝ փոքր տնտեսություններում մի քանի խոշոր ծրագրերի ավարտը կարող է էապես փոխել վիճակը։ Ըստ նախարարի՝ ներդրումների նվազումը պայմանավորված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և հեռահաղորդակցության ոլորտում ներդրումային ծրագրերի ավարտով։

Դիտարկմանը, թե գործարար միջավայրի բարելավման պայմաններում այս ծրագրերին պետք է հաջորդեին նորերը, նախարարն արձագանքեց, որ խոշոր ներդրողների կամ կորպորացիաների հետ քննարկումների ժամանակ վերջիններս որպես խնդիր նշում են ոչ թե երկրում քաղաքական իրավիճակը կամ գործարար միջավայրը, այլ սահմանափակ շուկան և բարդ լոգիստիկան։

Նախարարի պարզաբանումը հիմնավորված չէ այնքանով, որքանով վերջին շրջանում էապես չեն փոխվել ո՛չ Հայաստանի շուկայի ծավալները, ո՛չ լոգիստիկ հնարավորությունները։ Ընդհակառակը, վերագործարկվել է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» մաքսային անցակետը, հայկական երկաթուղում ավելացել են բեռնափոխադրման արագությունները։ Չնայած լոգիստիկ նման փոփոխությունների՝ այս տարվա ինն ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 35,2%-ով, ուղղակի ներդրումներինը՝ 53,8%-ով: Համեմատության համար՝ ճգնաժամային 2009թ. ինը ամիսներին ուղղակի ներդրումների ծավալի կրճատումն ավելի համեստ էր՝ 35,4%։