Ռիսկերը ենթակա չեն չեզոքացման

Արտարժույթով կարող է ներդրվել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 40%-ը և կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մոտ կեսը։ Կառավարությունն այսօր հստակեցնելու է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանաչափերը, ինչը, այդուհանդերձ, չի չեզոքացնելու կորուստների ռիսկերը։

Դեկտեմբերի 27-ին՝ կառավարության այս տարվա վերջին նիստում ֆինանսների նախարարությունը հաստատման է ներկայացնելու «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային և արժութային սահմանափակումները սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Ի տարբերություն կամավոր կենսաթոշակային համակարգի՝ պարտադիրի համար ակտիվների ներդրման սահմանափակումներն ավելի խիստ են, ինչը տրամաբանական է։

Որոշման համաձայն՝ «ոչ փոխարկելի արտասահմանյան արժույթի ակտիվներում» կարող է ներդրվել պարտադիր կենսաթոշակային համակարգի ֆոնդերի ակտիվների ընդամենը 3%-ը։ Բանկային հաշիվներում և ավանդներում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40%-ը: Ընդ որում՝ միևնույն կամ փոխկապակցված բանկերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել ակտիվների 5%-ը: Բացի այդ՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները որպես ավանդ կարող են ներդրվել միայն այնպիսի օտարերկրյա բանկերում, որոնք ունեն առնվազն BAA3 (S&P և Moodys) կամ BBB- (Fitch) վարկանիշ:

Գործադիրը սահմանափակումներ է նախատեսում նաև պետական արժեթղթերում կատարվող ներդրումների համար։ Այսպես՝ ՀՀ-ի, Հայաստանի Կենտրոնական բանկի, այլ պետության կամ նրա կենտրոնական բանկի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 60%-ը։ Ընդ որում՝ մեկ թողարկման մեջ (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20%-ը:

Այս սահմանափակումները չեն տարածվում միայն կենսաթոշակային ֆոնդերի համար թողարկված արժեթղթերում ներդրումների վրա, որի դեպքում մեկ թողարկման մեջ (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 50%-ը։ Միևնույն պետությունում (արտերկրում) կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15%-ը։

Թեև որոշման նախագծով գործադիրը փորձել է հստակեցնել սահմանաչափերը և նվազագույնի հասցնել հնարավոր կորուստները, ռիսկերը, այդուհանդերձ, պահպանվում են։

Այսպես՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանվում է, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Եվրոպական Միության երկրների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, բանկերի ավանդներում, արժեթղթերում, վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում։

Սա նշանակում է, որ անկախ քանակային սահմանափակումներից՝ բավական ռիսկային են օրինակ, եվրոգոտու մի շարք երկրների՝ Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի արժեթղթերը։ Եթե հաշվի առնենք, որ պարտադիր կենսաթոշակային համակարգը գործելու է 2014-ից, իսկ առաջին կենսաթոշակները վճարվելու են 25 տարի անց, ֆոնդերում կուտակված միջոցները նույնիսկ խիստ սահմանափակումների պայմաններում կարող են փոշիանալ՝ համաշխարհային տնտեսությունում ոչ բարենպաստ զարգացումների դեպքում։ Այսպիսի սահմանափակումները, ըստ էության, չեն կարող չեզոքացնել գլոբալ ռիսկերը։ Երբ 2010թ. քննարկվում էր այս օրենքի նախագիծը, կառավարությունում չէին էլ կարող անգամ կանխատեսել, որ ԵՄ-ն կհայտնվի բավական լուրջ մարտահրավերների առջև, իսկ Հունաստանի պետական պարտատոմսերը կիջնեն «աղբային» մակարդակի։

Մեկնաբանել