Կառավարությունը 40 մլն դրամ է հատկացրել սիրիահայերի ուսման վարձերի փոխհատուցման նպատակով

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 110 սիրիահայ ուսանողների տրամադրել է կրթաթոշակների հավաստագրեր: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, երիտասարդական հիմնադրամում կայացած միջոցառման ժամանակ կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որպեսզի սիրիահայերը ստանան այնպիսի օժանդակություն, որն օգնելու է հաղթահարել առկա դժվարությունները:

«Ներկայում շուրջ 7000 սիրիահայեր են գտնվում Հայաստանում, նրանցից շատերը մտադիր էին որոշ ժամանակ անց վերադառնալ Սիրիա, քանի որ թվում էր, որ հնարավոր կլինի կարճ ժամկետում տեսնել իրենց երկիրն արդեն խաղաղ պայմաններում: Բայց իրադարաձությունները զարգացան այլ սցենարով և շատերն այսօր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ, մտածում են այստեղ աշխատանք ունենալու, երեխաներին կրթության տալու մասին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ ՀՀ իշխանությունները անում է ամեն ինչ՝ սիրիահայերի համար նոր աշխատատեղեր գտնելու և վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար: Վարչապետը հիշեցրել է, որ սիրիահայ երեխաների համար նույնպես բազմաբնույթ ծրագրեր են իրականացվում: Այդ տեսակետից Տիգրան Սարգսյանը կարևորել է ամառային ճամբարների կազմակերպումը, որոնց արդյունքում հարյուրավոր սիրիահայ երեխաներ կարողացան առաջին անգամ գալ Հայաստան՝ ծանոթանալ հայրենիքին և հայկական միջավայրին:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևելու է այսօր կրթաթոշակ ստացած բոլոր սիրիահայ ուսանողներին: «Մենք մշտապես լինելու ենք ձեր կողքին և դուք առարկայականորեն տեսնելու եք պետության օժանդակությունը: Այսօրվա մեր հանդիպումը դրա վկայություններից մեկն է»,- ասել է նա:

Կառավարության անունից շնորհավորելով բոլոր սիրիահայարերին Ամանորի կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Ցանկանում եմ, որպեսզի այս դժվարությունները ձեզ ամրապնդեն, լիցքավորեն: Մաղթում եմ, որպեսզի 2013 թվականը լինի դժվարությունների հաղթահարման տարի, որպեսզի մենք ձեզ հետ կարողանանք դիմակայել առկա մարտահրավերներին, դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ առանց կորուստների»:

Սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով Հայաստանի կառավարությունը երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 մլն դրամ (մոտ 100 հազ. դոլար):

Մեկնաբանել