Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր փաստաթղթեր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը news.am-ին հայտնել է, որ Ռուբեն Այվազյանը ինքնառաջադրվել է:
Նշենք, որ Ռուբեն Այվազյանը նախագահի 15-րդ թեկնածուն է: ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել ՀՀ քաղաքացիներ` ՀՀ և ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը:
Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է, այդ օրվանից էլ կսկսվի թեկնածուների գրանցում, որը կավարտվի հունվարի 14-ին: