Ինչո՞ւ են Եսայան եղբայրները ցանկանում գնել «Բիլայնը»․ զրույց «Յուքոմի» նախկին տնօրենի հետ

«Յուքոմի» նախկին տնօրեն Հայկ Եսայանը, որ եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի հետ տնօրինում է «Յուքոմի» 6 տոկոս բաժնեմասը, Սիվիլնեթի Մկրտիչ Կարապետյանի հետ հարցազրույցում խոսում է իրենց նոր հիմնադրած՝ «Թիմ» ՍՊԸ-ի մասին։ Ընկերությունը ցանկություն է հայտնել գնել «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիան»։ Հայկ Եսայանը խոսում է նաև «Յուքոմից» դուրս գալու և խոշոր բաժնետերերի հետ իրենց առճակատման մասին։

– Պարոն Եսայան, Դուք ասել եք, որ «Յուքոմը» լքելու ձեր որոշման հիմքում խոշոր բաժնետերերի հետ հակասություններն են։ Կարո՞ղ եք ասել կոնկրետ ինչ հակասություն էր ձեր և մնացյալ բաժնետերերի միջև («Յուքոմի» բաժնետերերն են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքն ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված բանկն ու անձը):

– Նախ ասեմ, որ ընկերությունը հիմնարդել ենք եղբայրս ու ես։ Հիմա, երբ Խաչատրյաններն ասում են, որ 12 տարի իրենք են եղել, այդպես չէ։ 2007-ին մենք ենք եղել «Յուքոմի» բաժնետերեր ու ամեն բան ստեղծվել է մեր կողմից, ու ընդհանուր առմամբ օպերացիոն, գլոբալ ռազմավարական հարցերը միշտ ես ու Ալեքսանդրն ենք ղեկավարել։ Մենք արել ենք այնպես, որ ընկերությունը բաց ու թափանցիկ լինի, մեր աուդիտը KPMG-ն է իրականացրել։ Հակասությունը եկավ այն կետից, երբ փորձեցին խառնվել «Յուքոմի» կառավարմանը։ Ես այն մարդն եմ, որ համարում եմ՝ եթե մարդուն տնօրեն ես նշանակել, եթե վստահել ես այդ պաշտոնը, նա պետք է այդ պատասխանատվությունը կրի՝ կիսես առաջխաղացումները, պարտությունները։

«Յուքոմում» այդպիսի թիմ էր ձևավորվել, այդպիսի տնօրեններ ունեինք, որոնք միասնական դիմում գրեցին։ Ես ընկերությունը տանում էի ոչ ավանդական կառավարման ճանապարհով․ մենք փորձում էինք տելեկոմը սարքել ընկերության միայն մի ուղղություն, շատ ավելի փոքր ուղղություն, ու նրանք երևի չէին հավատում, որ դա հնարավոր է։ Հիմնական հարցը ռազմավարության հետ էր կապված, դրան գումարած ներդրումների ծավալի հետ կապված անհամաձայնություն կար։ Քննարկումների արդյունքում մենք համաձայնել էինք, որ ներդրումներ պետք է լինեն, ինչը չեղավ։ Բերեմ մի օրինակ. եթե դու 10 միլիոն դրամով պիտի բնակարան գնես, հաշվում ես, որ 7 միլիոն կարժենա բնակարանը, 3 միլիոն էլ՝ ներքին հարդարումը։ Հետո պարզվում է՝ դու 7 միլիոնն ունես, բայց 3 միլիոնը չունես, ու դա նշանակում է՝ ձախողեցիր, բնակարանում ո՛չ կարող ես ապրել, ո՛չ կարող ես տալ վարձակալության։ Եթե իմանայիր, որ փողդ 7 միլիոն դրամ է, կգնեիր 5 միլիոնով, 2 միլիոնի էլ վերանորոգում կանեիր ու կապրեիր։ Մենք քայլում էինք մի ուղղությամբ, իրականությունը մի քիչ ուրիշ էր ու պայթեց։

– Բայց «Յուքոմում» նոր տնօրենի նշանակումից հետո բաժնետերերը հայտարարել են նոր ներդրումների մասին, այսինքն՝ ներդրումների համար միջոցներ կան։ Ինչո՞ւ այդ դեպքում նախկինում չէին արվում ներդրումները։

– Ճիշտն ասած՝ դրան չեմ կարող պատասխանել, որովհետև չգիտեմ ինչու է այդպես եղել։ Եթե հետ գնաս, միգուցե հատուկ է արվել։ Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել կամ պարզաբանում տալ, ինձ համար էլ է անհասկանալի, օրինակ, ինչու երեք ամիս առաջ նման ներդրում չկար։ Իմ տեղեկություններով՝ դեռ որևէ նոր ներդրում չի կատարվել։

– Ձեր և «Յուքոմի» միջև առաջացած խզումից հետո խոսվում էր, որ կառավարությունը ձեր միջոցով փորձում է հասնել «Յուքոմում» բաժնեմասերի վերաձևավորումների։ Այդ օրերին հանրային ուշադրության կենտրոնում Խաչատրյաններին առնչվող քրեական գործն էր։ Ունեի՞ք պետական աջակցություն այս գործընթացում։

– Դա, իհարկե, այդպես չէ, քանի որ իմ հայտարարությունից երկու-երեք ամիս առաջ մենք խոշոր բաժնետերերին առաջարկել էինք, որ կարող ենք գնել իրենց բաժնեմասերը։ Դա իրենց կողմից ողջունվեց, հետո երբ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ գտանք, առաջարկն անբացատրելիորեն մերժվեց։ Մենք երկու անգամ տարբեր գներով առաջարկեցինք գնել «Յուքոմի» մնացած բաժնեմասերը, և ըստ էության պատասխան չստացանք։ Սա է իրական պատմությունը։ Պարզապես զուգահեռ ընթանում էր իրավական պրոցես, այլ բան չկա։ Ու մի բան էլ կա, շատ դժվար է կտրվել ընկերությունից, որի անունն անգամ դու ես որոշել, երբ աշխատում ես տասը տարի, ջանք ես ներդնում, աշխատավայրը դու ես ստեղծում։ Էմոցիոնալ առումով շատ բարդ էր այդ որոշմանը գնալ, ու միևնույն ժամանակ՝ քո ստեղծած երեխան չես ուզում այլ դաստիարակությամբ աճի ու համարում ես, որ եթե այլ ուղղությամբ է աճելու, ուրեմն դու չես տերը։ Պիտի ստեղծես նորը, ավելի դժվար բեռով, ավելի փոքր, ու ես վստահ եմ՝ մեր թիմն ուժեղ է ու հաջողելու է։ Այն ժամանակ, երբ «Յուքոմը» նոր էր զարգանում, նորարարություններ էինք փորձարկում, շատերը, որոնք հիմա փորձում են խելոք երևալ, ծիծաղում էին մեզ վրա՝ թե ինչ ենք անում, վարի ենք տալու, ոչ մի բան չենք հասկանում։ Բայց եկեք նայենք ժամանակագրությանը՝ ինչպես է զարգացել «Յուքոմը», ինտերնետը։

– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը «Յուքոմում» բաժնեմասեր ձեռք բերեց։ Ի՞նչ հարաբերությունների մեջ եք դուք Խաչատրյանների ընտանիքի հետ։

– Ծանոթացել ենք այն ժամանակ, երբ իրենք ապրելու տեղափոխվեցին Տերյան՝ մեր բակ։ Մենք ստեղծել ենք ընկերություն, որտեղ ներդրում ենք որոնել, դիմել ենք ֆինանսական բոլոր ընկերություններին 2008-2009 թվականներին՝ սկսած «Ամերիա»-ից։ Բայց խնդիր կար, Հայաստանի բանկային համակարգն այդ ժամանակ պատրաստ չէր հասկանալ տեղեկատվական տեխնոլոգիաներից, ինտերնետից։ Մի օրինակ բերեմ՝ եթե դուք աշխատանք չեք գտնում, ու ստիպված եք հավաքարարություն անել քաղաքապետարանի համար, դա նախընտրությո՞ւն է։ Ո՛չ․ դուք այդ աշխատանքը անում եք, որ ձեր ընտանիքը ֆինանսական խնդիր չունենա, ձեր երեխան քաղցած չմնա, դուք աճեք, հետո դառնաք հավաքարարների ղեկավար և այլն։ Մեզ այդ փուլում չի հետաքրքրել, թե ֆինանսական միջոցները ումը կլինեին, մեր պայմանավորվածությունը եղել է՝ մենք բիզնեսն ենք վարում, մեզ պետք է իքս կտորը, և մենք պատրաստ ենք օտարել բաժնեմասի իքս հատվածը։ Այդ պատճառով էլ մեր բաժնեմասը ներդրումների դիմաց կրճատվել է, հասել մոտավորապես 6 տոկոսի։ Եթե չեմ սխալվում, 2015-2016 թվականներից ներդրում չի եղել, ըստ էության՝ վերջինը եղել է Սամվել Կարապետյանի կողմից, և «Օրանժ Արմենիան» գնելու միջոցներն էլ են եղել վարկային միջոցներ։

– Պարոն Եսայան, այս տարիներին չէին դադարում հրապարակումները, որ «Յուքոմը» հեռահաղորդակցության շուկայում իր տեղը նվաճել ու ընդլայնվել է Խաչատրյանների կողմից պետական հովանավորչության արդյունքում։ Դուք ի՞նչ կասեք այդ պնդումների մասին։

– Ով որ նման բան է ասում ու գրում, թվերից մի քիչ լավ չի հասկանում։ Պետական հովանավորչություն միանշանակ չի եղել։ Դուք կարող եք բացել, նայել՝ պետությունն ինչքան փող է ծախսել ինտերնետ գնումների վրա մինչև «Յուքոմի» կողմից մրցույթներին մասնակցելն ու դրանից հետո. մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ գումար է ծախսվել պետության կողմից։ Եթե դուք պետական մարմնի ղեկավար եք, ու օրենքով վերապահված է, որ հեռախոսակապի ծառայություն պիտի ձեռ բերեք, ու մեկը այդ ծառայությունը տրամադրում է, ենթադրենք, 3600 դրամով, մյուսը՝ 2000 դրամով, ո՞րն եք ընտրում։ Բնականաբար՝ էժանը, չէ՞։

– Միքայել Մինասյանը եղե՞լ է «Յուքոմի» անուղղակի բաժնետեր։

– Իմ տեղեկություններով՝ նման բան չկա։ Այսինքն՝ հրապարակային որևէ տվյալով, որով ես շփվել կամ գործ եմ ունեցել, նման բան չկա։ «Յուքոմի» կայքում բաժնետերերի ցանկը կա։

– Պարոն Եսայան, անցյալ շաբաթ հայտարարվեց «Վեոն Արմենիան» գնելու մտադրության մասին։ «Վեոն Արմենիայի» ի՞նչն է ձեզ հետաքրքրում՝ բաժանորդնե՞րը, ենթակառուցվածքնե՞րը, թե՞ այլ բան։

– Մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ։ Մենք հասկանում ենք, որ այդ ոլորտում այն գիտակներն են, որ կարող են մեծ օգուտներ բերել։ Տարբերակ մեկ` զրոյից կառուցել նոր բան, որը ժամանակ է, ռեսուրս է, մրցակցություն և այլն, որը մեր ոլորտում այսօր անիմաստ է, թեև ծայրահեղ դեպքում մենք կարող ենք այդ ուղղությամբ էլ գնալ։ «Բիլայնում» հետաքրքիր է այն ամենը, ինչ կա․ ենթակառուցվածքները հետաքրքրում են, բաժանորդների բազան հետաքրքրում է, հետաքրքրում է առկա մարդկային ռեսուրսը, մարդիկ, որ և՛ հասկանում են ֆիքսված հեռախոսակապից, և՛ բջջայինից։ Ու շատ հատուկ մի բան կա՝ աշխարհը սկզբից գնաց դեպի ֆիքսված հեռախոսակապի օպերատորներ, հետո ստեղծվեցին բջջային օպերատորներ, հիմա գնում է դրանց միաձուլումը։ «Բիլայնը» այն քիչ օպերատորներից է, որ միաձուլված է ու այնտեղի գիտելիքահեն ռեսուրսը շատ կարևոր է։ Երկու թիմերի միացումով մենք ստանալու ենք մի հետաքրքիր թիմ, որը նոր տիպի ծառայություններ է մատուցելու։ Օրինակ՝ «Բիլայնում» TV-ն չկա, մենք զարգացնելու բազմաթիվ ուղղություններ ունենք, ու հաճելի հայկական արտադրանք կստանանք։

– «Վեոն Արմենիայի» ենթակառուցվածքներում ի՞նչ ներդրումներ եք նախատեսում իրականացնել։ «Յուքոմում», օրինակ, օպտիկամանրաթելային մալուխների համակարգ ներդրեցիք։

– «Բիլայնը» օպտիկամանրաթելային մալուխների համակարգ ունի, ամենաառաջինն է, որ ունեցել է հանրապետությունում, ուղղակի դրա մասին ոչ ոք չի խոսում։ «Բիլայնը» զուտ չունի վերջին մղոնի ընդունման օպտիկան, այսինքն՝ տանը դուք չեք կարող օպտիկա ստանալ։ Այո՛, մենք կառուցելու ենք դա ու կառուցելու ենք նոր սերնդի հաղորդակցության տրամաբանությամբ։ Հիմա մենք նախագծում ենք ու կարող ենք ունենալ նոր, շատ մեծ արագություններ, հնարավորություններ, ու վերջին մղոնում խնդիրներ չենք ունենա։ Կառուցելու ենք տրանզիտ նոր ցանց և այլն։

– Պարոն Եսայան՝ ի՞նչ միջոցներով եք պատրաստվում գնել «Վեոն Արմենիայի» նոր ցանցը։

– Գնման համար ամբողջությամբ վարկեր են ներգրավված։

– Իսկ բանկը ապահովության ի՞նչ միջոցներ է սահմանել։ Դուք մեծ վարկեր եք ներգրավում, բանկն ինչպե՞ս է իրեն ապահովագրում։

– Բանկի ապահովությունը հենց բիզնեսն է։ Եթե դուք հիփոթեքով գնում եք բնակարան, բնակարանը դրվում է գրավ, չէ՞։ Ամբողջ հանրապետությունը բնակարան է գնում։ Ինչո՞ւ մենք չենք կարող գնել բիզնես, որը վստահ ենք ինչպես է զարգանալու։ Մենք բանկերի ջուրն ենք՝ ջրաղացը պտտելու համար։ Բանկը գումար տալիս է ակտիվի դիմաց։ Ինչո՞ւ չանել։ Հեղափոխությունից հետո նոր մի իրականություն է սա ու տնտեսական մոտեցում։ Ասեք ինձ մի խոշոր գործարք, որի ֆինանսավորումը չի իրականացվում բանկերով։ Բանկն էլ է փող դնում ու նախընտրում է տոկոս ստանալ։ Եթե դուք գնայիք ու ցանկանայիք գնել մեքենա ներկրող կազմակերպություն, դա ուրիշ է՝ այնտեղ մարդկային ռեսուրսն այդ կարևորությունը չունի, իսկ շատ մեծ ընկերություններ թիմեր ձեռք բերելու համար տալիս են հսկայական գումարներ։ Մենք ունենք լուրջ ռեսուրս՝ ի դեմս թիմի, որը պետք է գնահատել։

Ինչու՞ պիտի բանկը վարկ չտա. դու վստահ ես, որ բիզնեսը ծաղկեցնելու ես, վստահ ես, որ ուժեղ թիմ ունես և այլն։ Ի՞նչ ենք անելու հաջորդ քայլով։ Մենք մտածում ենք բացել ընկերությունը, դարձնել բաց բաժնետիրական, մանավանդ, որ «Վեոն Արմենիայի» դեպքում հնարավոր է մինչ 20 տոկոսի չափով բաժնետոմսեր օտարել։ Մենք հնարավորություն ենք տալու աշխատակիցներին դառնալ բաժնետեր։

– Դուք պահպանու՞մ եք ձեր փոքր բաժնեմասը «Յուքոմում»։ Ի՞նչ եք անելու դրա հետ։

– Պահպանում ենք, դեռ սպասենք, հետո այդ ակտիվի արժեքը կգնահատենք, կորոշենք։ Ճիշտն ասած՝ հիմա կառավարումով չեմ զբաղվում, ու 6 տոկոսի բաժնեմասի չափը այնքան չէ, որ որոշումների կայացմանը մասնակցենք, վետո դնենք և այլն։

Մեկնաբանել