1 հունվար, 2013 11:00

Գլխավոր խնդիրս արդեն երգելու մեջ չեմ տեսնում. Բարսեղ Թումանյան

Նշանավոր օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի ստեղծագործական հաջողությունների սկիզբը 1986 թվականն էր, երբ շահեց Չայկովսկու անվան մոսկովյան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակը։ Դրան հաջորդեց «Գրան պրին»՝ 1987-ին Ռիե դե Ժանեյրոյում կայացած միջազգային երաժշտական մրցույթում։

Այսօրվա պես հիշում եմ՝ 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Լոնդոնում, Քովենտ Գարդենում, կազմակերպված և «Ինտերվիժըն» ծրագրով ողջ Եվրոպայում հեռարձակված համերգը, որին ի շարս համաշխարհային օպերային աստղերի մասնակցում էր նաև Բարսեղ Թումանյանը։ Նա այդ օրը կատարեց Աթիլլայի արիան Վերդիի համանուն օպերայից։ Ցավի զգացողության հետ բոլոր հայ ունկնդիրներս լցվեցինք նաև հպարտությամբ մեր հայրենակցի փայլուն ելույթի համար։

Բնությունը շռայլ է գտնվել այս հայորդու հանդեպ՝ բամբ ձայնից զատ նրան պարգևելով նաև բեմական տպավորիչ արտաքին, նկարելու ու բանաստեղծելու շնորհ, երևույթների խորքը թափանցելու ու վերլուծելու կարողություն, կազմակերպչական ձիրք և այլն։

Դեկտեմբերյան մի արևոտ օր որոշեցի այցելել երգչի՝ Զովունիում գտնվող առանձնատուն՝ մի բաժակ սուրճ ըմպելու և զրուցելու նրա ներկա զբաղումների շուրջ։ Առանձնատունը պատկերասրահ և դեկորատիվ-կիրառական արվեստի իսկական թանգարան է հիշեցնում, որի պատերին հին ու նոր հայկական գորգեր են։

- Ի՞նչ խորհուրդ ունեն գորգերը երաժշտի համար։

-Գորգերի նկատմամբ սերը մանկությունից է գալիս։ Մինչև հիմա հիշում եմ Արևմտյան Հայաստանից իմ նախնիների բերած գորգերը, որոնք շոյելուց հետո էի միայն քնում։ Գորգային սիմվոլիկաները դեռ այդ շրջանից են դաջվել մեջս։ Մինչ հիմա էլ սիրում եմ, երբ տան պատերին գորգ է կախված լինում։

Հետագայում, երբ ես հնարավորություն ունեցա, թե՛ հին գորգեր սկսեցի գնել, թե՛ նախաձեռնեցի նորերի պատրաստումը՝ նոր սիմվոլիկայով ու խորհրդաբանությամբ։

Գորգի մեջ մոգականություն կա. խոսքը միայն արտաքին տեսանելի զարդանախշերի մասին չէ։ Այն իր մեջ կրում է տիեզերական մեծ գաղափարախոսություն։ Գերմանացի արվեստաբան Գանցորան, օրինակ, իր «Արևելաքրիստոնեական գորգ» աշխատության մեջ շատ խորն է նկարագրում հայկական գորգի տիպաբանությունը, վերլուծում բազմաթիվ գաղտնագրեր։

- Ցավով եմ ասում, բայց նորահաս սերունդն այնքան էլ լավ չի ճանաչում Բարսեղ Թումանյանին։ Ի՞նչով էիք զբաղված վերջին տարիներին։

- Կան ճշմարտություններ, որոնք երբեմն չես ուզում բացահայտել։ Անկախ նրանից, որ վերջին երկու տասնամյակներին ես շատ եմ դրսում եղել, հիմնականում ապրել եմ Հայաստանում։ Անդադար ու անընդմեջ աշխատել եմ՝ նկարել եմ, բանաստեղծություններ ու սցենարներ գրել։

Ճիշտն ասած, երբեք չէի կարող պատկերացնել, որ Հայաստանը նման նահանջ կունենար անցնող տարիներին։ Առաջ, երբ ցուրտ էր, հույսով էինք ապրում։ Անձամբ ես իմ բոլոր ռեսուրսները ներդրեցի, բոլոր կապերս օգտագործեցի, որպեսզի երկիրս ոտքի կանգնի։ Միշտ էլ այն համոզման եմ եղել, որ արվեստը նախ և առաջ մարդն է, անհատականությունը։ Արվեստ զարգացնելը, մշակութային դաշտ ապահովելը հնարավոր չէ միայն փառատոներ կամ միջոցառումներ կազմակերպելով։ Արվեստ ստեղծում են անհատները, ուստի առաջնահերթ նրանց է պետք է աջակցել։ Այդ պատճառով ես իմ շուրջ հավաքեցի տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, զանազան արվեստագետների։ Խոստովանեմ՝ ինձ մոտ դա ստացվում էր. ինձ թե՛ նկարիչներն էին սիրում, թե՛ պոետները, թե՛ երաժիշտներն ու գիտնականները։ Նունիսկ մի հսկայական շենք կառուցեցի՝ համերգասրահով ու ցուցասրահով։

- Եվ ի՞նչ տեղի ունեցավ։

- Իմ լավ ընկերներից շատերը լքեցին երկիրը։ Պետական կառույցներն էլ չընկալեցին արածս. ես ահավոր պատնեշների հանդիպեցի իմ երկրում։ Ու այդ երազանքս, գաղտնաբառի պես, մնաց որպես ցանկություն։ Ես երեկ ապրում էի ու այսօր էլ շարունակում եմ ապրել իմ երազած, պատկերացրած Հայաստանում։ Եթե մեկ օր ապրեմ ռեալ, իրական Հայաստանով, չեմ իմանա անելիքս, ֆուտուրշոկի մեջ կընկնեմ։

- Բայց շատերի նման Դուք էլ կարող էիք հեռանալ։

- Փախուստն էլ չի փրկի. ինքդ քեզանից ո՞ւր փախչես։ Գնալը հարցի ժամանակավոր լուծում է. ինչ որ տեղ՝ ինքնախաբեություն։ Հավատացեք՝  ով գնացել է այստեղից, հոգում տառապում է։ Հակառակի մեջ պետք է տեսնել իրականությունը. ովքեր բողոքում են, հենց նրանք են իրապես սիրում Հայաստանը։ Թե չսիրես, չես բողոքի։

Հիշո՞ւմ եք Մարկեսի «Հարյուրամյա մենություն» վեպի հերոսին։ Երբ նրան վերջում տանում են գնդակահարելու, հասկանում է, որ սիրել է բոլոր նրանց, ում ժամանակին ատել է։ Ատել է, որովհետև իր պատկերացրածը չի եղել։

Երբ չիմացությունը մեծարվում է, իմացությունը չարանում է։ Թեև այսօր փորձում եմ հասկանալ բոլոր-բոլորին՝ նույնիսկ այն մարդկանց, ովքեր անցել են նյութապաշտության բոլոր սահմանները։ Գիտեք՝ գումարի մի չափ կա, որ երջանկություն է բերում և մի չափ, որ դժբախտության է տանում։

- Այնուամենայնիվ, վերադառնանք մշակութային ոլորտ։ Ինչպե՞ս կգնահատեիք այսօրվա մշակութային կյանքը, առկա միտումները։

- Շատ բարդ խնդիր է։ Մեր իշխանավորները հաճախ չգիտեն՝ ի՞նչ ներկայացնել դրսում և ի՞նչ զարգացնել ներսում։ Միայն նշանավոր արվեստագետների հրավիրելով արվեստի հարց չես լուծի։ Հարկ է տեղում նոր կադրեր պատրաստել՝ պահպանելով եղած ավանդույթները։ Բերեմ միայն մեկ օրինակ։ Ի՜նչ հիանալի էր, երբ մենք լուրջ վերաբերվեցինք շախմատին։ Արդյունքը բոլորիս աչքի առջև է։ Ըստ իս, մեր արվեստում ամենահզոր ուղղությունը նկարչությունն է։

- Այդ դեպքում ինչո՞ւ գեղարվեստի ոլորտում ունենք, մեղմ ասած, ոչ բավարար վիճակ։

- Իսկապես, այսօրվա հայկական արվեստը քիչ-քիչ կորցնում է իր ազգային դեմքն ու ոգին։ Ազգը միայն ցեղասպանությունից չի վերանում, այլ նաև դեգեներատիզմից ու ինքնաոչնչացումից։ Մենք այսօր ապրում ու շնչում ենք կովկասյան արվեստով, որի արտահայտչամիջոցների մեջ խառնված են մահմեդական ու քրիստոնեական տարրերը։

- Միգուցե անդրադառնանք պատճառներին։

- Պատճառները շատ հին են ու խորքային։ Մեր պատմության ընթացքում թե՛ տիրել ենք, թե՛ հարյուրամյակներ շարունակ գտնվել մեկ պարսիկների ու բյուզանդացիների, մեկ թուրքերի ու ռուսների տիրապետության տակ։ Ի՞նչ պիտի աներ հայը կայանալու համար։ Նա սկսել է դիմացինի մշակույթին ավելի լավ տիրապետել ու կատարել՝ դառնալով ա՛յդ արվեստի կրողը։

Ինչ վերաբերում է անկախությանը հաջորդած շրջանի մեր արվեստին, մենք այն թողեցինք առանց հսկողության, առանց չափանիշների՝ մատնելով ինքնահոսի։ Եթե քո առջև չես դնում բարձր չափանիշներ, կստեղծես սոսկ գավառական արվեստ՝ հեռու համաշխարհային զարգացումներից։

- Եվ, թերևս, վերջին հարցը. այսօր երգո՞ւմ է Բարսեղ Թումանյանը։

- Իհարկե։ Պարզապես նվազեցրել եմ գրաֆիկը։ Գլխավոր խնդիրս արդեն երգելու մեջ չեմ տեսնում։ Այն ֆանատիզմը, որ ժամանակին ունեցել եմ բոլոր արվեստների զարգացման առումով, ինձ հանգիստ չի տալիս։ Ես դրանից նաև հաճույք եմ ստանում։ Ստեղծված իրավիճակից ելքը ես տեսնում եմ մեր ակունքներին վերադառնալու մեջ։ Մեզ այսօր նորից Կոմիտասներ են պետք՝ արվեստի բոլոր բնագավառներում հայկականը օտարամուտից զատելու համար։

Զրուցել է Լևոն Լաճիկյանը