5 հունվար, 2013 15:00

Զարգացող երկրների վերելքը

Project-syndicate.org կայքում Ջիմ օ’Նեյլը, որը Goldman Sachs Asset Management-ի նախագահն է և Բրյուսելում գտնվող «Բրյուգել» (Bruegel) հետազոտական ընկերության խորհրդի անդամ, խոսում է 2013թ. համաշխարհային տնտեսության աճի հեռանկարների մասին՝ դրանում կարևորելով զարգացող տնտեսությունների դերը:

 

Այժմ, երբ Միացյալ Նահանգներում և Չինաստանում առաջնորդներ ընտրելու հետ կապված հարցերը լուծված են, մենք վերջապես կարող ենք ուրվագծել 2013թ. տնտեսական հեռանկարները՝ գիտակցությամբ, թե ում ձեռքին են լինելու աշխարհի երկու ամենամեծ տնտեսությունների քաղաքական լծակները: Այնպես որ, ի՞նչ են անելու նրանք և, թերևս ավելի կարևորը՝ ի՞նչ են անելու նրանց հետ տնտեսական ուժերը:

Նախևառաջ, ԱՄՆ-ը «բյուջետային ճեղքվածքից» բխող հերթական մարտահրավերներին կառերեսվի, քանի դեռ ֆինանսական շուկաները քաղաքական այրերին ստիպում են բյուջեի դեֆիցիտը կրճատելու ավելի արմատական քայլեր անել: Սակայն չնայած սրան և աճի հետ կապված հիասթափություններին, 2013-ը համաշխարհային տնտեսության համար ավելի ուժեղ տարի կլինի, քան շատերն ակնկալում են:

2011թ. Չինաստանը աշխարհի ընդհանուր ՀՆԱ-ին հավելյալ 1,3 տրլն դոլար է ավելացրել, որը հավասարազաոր է մեկ Հունաստանի՝ յուրաքանչյուր 12,5 շաբաթը մեկ, կամ համարյա մեկ Իսպանիայի՝ ամեն տարի: Միասին վերցրած՝ BRIC-ի չորս երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) 2012թ. համաշխարհային ՀՆԱ-ի աճին 2,2 տրլն դոլար նպաստ են ունեցել, ինչը հավասար է մեկ Իտալիայի ամեն տարի: (Չնայած իր խնդիրներին՝ Իտալիան առայժմ աշխարհի ութերորդ ամենամեծ տնտեսությունն է և այդպիսին կլինի առնվազն առաջիկա մի քանի տարիներին, մինչև Ռուսաստանն ու Հնդկաստանը հավանաբար անցնեն նրան):

Աճող ութ տնտեսություններ՝ BRIC-ը՝ գումարած Հարավային Կորեան, Ինդոնեզիան, Մեքսիկան և Թուրքիան, 2011թ. ստեղծել են 3 տրլն դոլար ՀՆԱ՝ ավելին, քան Միացյալ Թագավորությունը մեկ տարում: Այս տնտեսությունների ընդհանուր չափը ներկայում մոտավորապես հավասար է ԱՄՆ տնտեսության չափին՝ 15-16 տրլն դոլարի հասնող տարեկան համախառն արդյունքով: Եթե այդ տնտեսությունների աճը կտրուկ անկում չունենա, նրանց ներդրումը համաշխարհային համախառն արդյունքի ստեղծման մեջ դրամատիկ կաճի, և գլոբալ աճն ավելի մեծ կլինի, քան արևմտյան անհանգստացած վերլուծաբանները կարող են գնահատել: Եթե «Աճող ութ» տնտեսությունները միջինը ԱՄՆ դոլարով արտահայտությամբ աճեն 10%, նրանք մյուս տարի համաշխարհային ՀՆԱ-ին կավելացնեն 1,5 տրլն դոլար:

2011թ. սկսված տասնամյակի համար, մենք՝ Goldman Sachs Asset Management-ում ենթադրում էինք, որ Չինաստանի տնտեսությունը, որին բաժին է ընկնում Ութ աճող տնտեսությունների ստեղծած արդյունքի կեսը (հավանաբար՝ 2012թ. վերջին 8.3 տրլն դոլար), տարեկան իրական արտահայտությամբ կաճի 7-8%, ինչը դոլարային արտահայտությամբ կփոխակերպվի 10-11% միջին անվանական աճի:

Չինաստանում տարեկան աճը կկազմի 7-8% մասամբ նաև այն պատճառով, որ դա հենց քաղաքական այրերն են որոշել այդպես: 2009թ. վերջին, հզոր խթանիչ քաղաքականության տարվա ընթացքում՝ ի պատասխան գլոբալ վարկային ճգնաժամի, Չինաստանի ղեկավարությունը, կարծում եմ՝ որոշել էր, որ 10% տարեկան իրական աճի օգտակարությունն արդեն անցյալում է: Երկրում դրամատիկ խորանում էր եկամուտների անհավասարությունը, շրջակա միջավայրին հասցվող վնասը արագ մեծանում էր, իսկ գնաճը հանգեցնում  էր աղքատ տնային տնտեսությունների իրական եկամուտների թույլ աճին:     

Իսկապես, 2011-2012 թթ. Չինաստանի տնտեսական աճի դանդաղման կարևորագույն պատճառներից մեկն այն էր, որ դա ցանկանում էին պաշտոնյաները: Չնայած 12-րդ հնգամյա պլանում նախատեսված ՀՆԱ-ի իրական աճը պետք չէ դիտարկել որպես կատարված իրողություն, փաստը, որ հնգամյա պլանում տնտեսական աճը նվազեցվել էր 7%-ի, պաշտոնական ցանկությունը հավաստող հզոր ազդանշան է:

Նայելով առաջ՝ պետք է նշել, որ թեև Չինաստանի ղեկավարության փոփոխությունը կարևոր է, երկրի ղեկավարները չեն կարող խնդիրներն ազատորեն լուծել, ինչը կարելի էր կարծել: Նրանք առաջնորդներ են դարձել մասամբ նաև համաձայնեցված պլանին հանձնառության համար: Հնարավոր առաջնորդը, որը սրանից շատ շեղվում է, երկար չի մնում ղեկավարության մեջ, ինչը մենք տեսանք 2012թ., երբ զտվեց Բո Սիլայը:

Չնայած Չինաստանի նախանշած 7% աճը ենթակա է մի շարք մարտահրավերների, այն հիմնված է մասնավոր սպառման աճը 8%-ի սահմաններում պահպանելուն (միաժամանակ ընդունելով, որ արտահանումն ու ներդրումները չպետք է աճեն այնպես արագ, ինչպես նախկինում), ինչը հնարավորություն է տալու ՀՆԱ-ի նկատմամբ մեծացնել սպառման մակարդակը: Ավելի շատ ուշադրություն է դարձվելու ինովացիաներին և արարչական մտքին, ինչը ուղեկցվելու է իրական աշխատավարձերի, քաղաքային միգրանտների իրավունքների, առողջապահության և կենսաթոշակների աճով: Եթե Չինաստանում 2013թ. տնտեսական աճը կրկին 7-8% կազմի, այն ավելի հավասարակշռված աճ կլինի, քան 2012թ.:

Չինաստանից անդին, BRIC-ի մյուս երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի և Հնդկաստանի,- բոլորի առջև էլ մարտահրավեր կա. այնտեղ քաղաքական այրերը պետք է ավելի մեծ տնտեսական աճ խթանեն: Սակայն  կան նաև հաճելի շատ զարգացումներ այլուր, ներառյալ Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Բանգլադեշում, Նիգերիայում, Մեքսիկայում, որոնք բոլորն էլ իմ ասած «Հաջորդ 11»-ի մասն են կազմում: Հարավային Կորեան և Թուրքիան, որոնք բավականաչափ լավ աճում են, թեև ոչ մյուսների արագությամբ, այս խմբի մյուս երկու մեծ անդամներն են:  

15 երկրները, որոնք կազմում են BRIC-ը և «Հաջորդ 11-ը», ավելի քան 4 մլրդ բնակչություն ունեն՝ համարյա աշխարհի բնակչության երկու-երրորդը: Նրանց աճին զուգընթաց աճելու է նաև համաշխարհային տնտեսության մեջ նրանց մասնաբաժինը՝ խթանելով գլոբալ տնտեսական աճը, որն այլ հանգամանքներում այլ կերպ կլիներ:

 

Սակայն համաշխարհային տնտեսության վիճակը 2013թ. ավելի թույլ կլինի, քան 2012թ., եթե շարունակվեն խնդիրները Եվրոպայում և ԱՄՆ-ում, հատկապես, եթե ԱՄՆ Կոնգրեսը չկարողանա աշխատել վերընտրված նախագահ Բարաք Օբամայի հետ՝ գտնելու բյուջետային խնդիրների լուծումը, ինչը կբարելավի ԱՄՆ-ի հարկաբյուջետային դիրքի միջնաժամկետ վստահությունը՝ խուսափելով դեֆիցիտի չափից ավելի մեծ կրճատումներից։ Սա դժվարհասանելի հավասարակշռություն է, և ես չգիտեմ՝ առանց շուկաների ճնշման այն ինչպես է աշխատելու:

Սակայն ես կավելացնեմ, որ եթե ԱՄՆ կառավարությունը խնդիրներ չհարուցի, մասնավոր հատվածում երկու կարևոր զարգացում ըստ ամենայնի կարող են օգտակար լինել: Դրանցից մեկը անշարժ գույքի շուկայի վերականգնումն է, մյուսը էներգիայի ներկրման ծախսերի կայուն նվազումն է դրանց ներքին, մասնավորապես՝ բնական գազի արտադրության շարունակական աճի շնորհիվ:

Ինչ վերաբերում է Եվրոպային, շատ ներդրողներ դեռ կարծում են, որ պահը կգա, երբ մենք հաստատապես կարողանանք եզրակացնել, որ եվրոպական դրամական միությունը կա՛մ այլևս չկա, կա՛մ փրկվել է: Ցավոք, առավել հավանական է, որ առնվազն մինչև 2013թ. աշնան ընտրությունները Գերմանիայում, եվրոպացիները կարևոր որոշումներից կխուսափեն կամ դրանք կհետաձգեն: Սա նշանակում է, որ Եվրոպային հավանաբար մեկ այլ մարտահրավերային տարի է սպասում:

Սակայն կրկին, BRIC-ի ծավալների աճը հավասարազոր է մեկ այլ Իտալիայի՝ 12 ամիսը մեկ: Եթե Եվրոպայում տնտեսական միջավայրը կտրուկ չվատանա, Եվրոպայի չարչարանքները 2013թ. համաշխարհային տնտեսության հիմնական թեման չեն լինի: