5 հունվար, 2013 14:39

Չավեսը կմնա նախագահ, անգամ եթե երդմնակալությունը ստիպված լինեն հետաձգել

Ուգո Չավեսը կմնա Վենեսուելայի նախագահ, անգամ եթե չկարողանա մասնակցել իր երդմնակալության արարողությանը, որը նշանակված է հունվարի 10-ին: Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է Euronews-ը:

Պետության երկրորդ դեմքի խոսքով` արարողությունը միանգամայն հնարավոր է հետաձգել: Համաձայն Վենեսուելայի Սահմանադրության` վերընտրված նախագահի ներկայությունը երդմնակալության արարողությանը պարտադիր է: Սակայն արդեն քչերն են հավատում, որ Չավեսը հինգ օրից կվերադառնա Կարակաս. նրա առողջական վիճակը չի կարգավորվում: Կուբայում բժիշկները նրան բուժում են թոքային անբավարարությունից. սա չարորակ ուռուցքի հեռացման արդեն չորրորդ վիրահատության հետևանքներից մեկն է: Վենեսուելայի նախագահի կողմնակիցները կարծում են, որ դեռ շատ վաղ է նրա մասին խոսել` որպես «մշտապես բացակայող». այս եզրն օգտագործվում է Վենեսուելայի Սահմանադրությունում: Պետության ղեկավարի «մշտական բացակայության» դեպքում նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն մեկ ամսվա ընթացքում:

«Մենք վստահ ենք, որ նրանք կհետևեն Սահմանադրությանը: Պետք է ձեռք բերվի համաձայնություն, որով բոլորը կհետևեն օրենքին: Հենց սա է ակնկալում Վենեսուելան, և մենք բոլորս գիտենք, որ այդպես էլ կլինի»,- ասել է Մադուրոն:

Վենեսուելայի Սահմանադրությունը մատնանշում է, որ այն դեպքում, երբ նախագահը չի կարող մասնակցել երդմնակալությանը, պետության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Ազգային ասամբլեայի խոսնակը: Հենց նրան պետք է ընտրեն այսօր: Այն, որ կհաղթի Դիոսդադո Կաբելոն` Չավեսի վաղեմի զինակիցը, կասկած չկա. իշխող կուսակցությունն ունի բավարար մեծամասնություն: