Բրիջիտ Բարդոն ևս պատրաստ է Ռուսաստանի քաղաքացիություն խնդրել

Ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Բրիջիտ Բարդոն հայտարարել է, որ հնարավոր է` հետևի Ժերար Դեպարդյեի օրինակին և դիմի Ռուսաստանին` քաղաքացիություն ստանալու համար, եթե Ֆրանսիայի իշխանությունները ոչինչ չանեն` երկու փղերի փրկելու համար, հաղորդում է BBC-ն:

Ինչպես տեղեկացրել են Վայրի բնության և կենդանիների պաշտպանության հիմանադրամից, որի հիմնադիրը Բարդոն է, նա պատրաստ է գնալ այդ քայլին, որպեսզի փրկի կրկեսային երկու փղերի կյանքը, որոնց հնարավոր է` Ֆրանսիայում սպանեն քնեցնելու միջոցով:

Բարդոյի` Ֆրանսիայի իշխանություններին հասցեագրված ուղերձում ասված է, որ «եթե իշխանություններն ունենան բավարար վախկոտություն ու ամոթ` սպանելու Բեբի և Նեպալա փղերին, ես կխնդրեմ Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի լքեմ այս երկիրը, որը դարձել է ոչ այլ ինչ, քան՝ կենդանիների գերեզմանատուն»:

Ինչպես հաղորդվում է, դեկտեմբերի կեսին Լիոնի պրեֆեկտը կարգադրել է քնեցնել կրկեսային երկու փղերին, քանի որ կասկածներ կան, որ նրանք հիվանդ են տուբերկուլյոզով: Կրկեսի տնօրենն այս որոշումը բողոքարկել է, սակայն վարչական դատարանը պաշտպանել է պրեֆեկտուրային:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հրամանագրով ՌԴ քաղաքացիություն է շնորհվել ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեին: Դրանից առաջ դերասանը լքել էր Ֆրանսիան և հրաժարվել էր ֆրանսիական քաղաքացիությունից. նշվում է, որ այս որոշումը պայմանավորված էր Ֆրանսիայում տարեկան ավելի քան մեկ միլիոն եվրո եկամուտի դեպքում 75%-ի չափով եկամտահարկ սահմանելու մասին օրենսդրական նախագծով:

Մեկնաբանել