Աշոտյանն արձագանքել է Ավանի գիշերօթիկի մասին բաց նամակին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեսյբուքի իր էջում անդրադարձել է Ավան վարչական շրջանի «Մխիթարյան» կրթահամալիրում տիրող իրավիճակի մասին բաց նամակին` նշելով, որ ԿԳՆ-ն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է անստորագիր նամակում բերված տեղեկատվության իսկության ուսումնասիրություն, որի արդյունքների մասին կհաղորդվի երեկոյան:

Նշենք, որ Ավանի մի խումբ բնակիչներ երեկ բաց նամակ են հղել Կաթողիկոսին, ոստիկանապետին ու կրթության և գիտության նախարարին։ Նամակում նշվում է, որ Ավանի Թամրուչի փողոցի 36 հասցեում գտնվող գիշերօթիկ հանրակրթական դպրոցում տիրում են տերթոդիկյան բարքեր, երեխաներին «ծեծում են, դեղեր խմեցնում և սովամահ անում»:

Նամակում մասնավորապես ասված է. «Պարզվեց, որ Գնել անունով աշխարհիկ պաշտոնյան, վայելելով տնօրենի հովանավորությունը, իրեն համարում է ոչ միան դպրոցի, այլև ամբողջ թաղամասի վերակացուն: Չունենալով մանկավարժական որակավորում` վերոհիշյալ դպրոցում դասավանդում է «Ռազմագիտություն» առարկան, սակայն հստակ չտիրապետելով առարկային իրական պատերազմի հարթակ է հաճախակի ստեղծում ոչ միայն դպրոցում, այլև թաղամասում: Աշակերտներից ոմանք թաղամասի իրենց տարեկից ընկերներին գաղտնի պատմել են, որ տխրահռչակ «ռազմիկ-հսկիչը» պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին` պատճառելով նաև մարմնական լուրջ վնասվածքներ:

Բացի այս, նաև կամայականորեն, առավոտյան որ ժամին ուզում է արթնացնում է աշակերտներին սոված ու ցրտին վազեցնում է, առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական ու առողջական վիճակը: Սակայն սա ամենը չէ…

Տնօրենը` ոմն կաթոլիկ Սերովբե վարդապետ Չամուրլյանն ստեղծում է արհեստական դժվարություններ` օգտվելով նրանից, որ աշակերտներն անապահով ընտանիքի երեխաներ են, նրանց դարձնում է փորձարարական լաբորատորիայի նմուշներ. երեխաներին ստիպում է խմել անհայտ ծագման դեղեր և հեղուկներ, իբր դիմադրողականության համար, սակայն ծնողների հետ մեր զրույցում պարզվեց, որ ոչ մի ծնողի բացատրություն չի տալիս դրանց բաղադրության և ձեռք բերման մասին: Ստիպողաբար լցնում է երեխաների բերանները, և ստուգում` խմել են, թե` ոչ:

Անհասկանալիորեն դպրոցականները պարբերաբար ստանում են վնասվածքներ և կոտրվածքներ: Համապատասխան բժշկական բուժում չստանալով դրանք դառնում են երեխաների խեղման պատճառ: Տնօրենը խուսափում է իրավապահ մարմիների հետ որևէ շփումից, թաքցնելով բոլոր դեպքերը, որովհետև այս բոլորը կատարվում է իր անփութության պատճառով: Քանի որ աշակերտների մեծամասնությունը սահմանամերձ շրջանների և Ջավախքի՝ հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են, տնօրենը աստվածային պատվիրանին հակառակ, թե «Պատվիր հորդ ու մորդ» ծնողների և երեխաների միջև կապը հասցնում է նվազագույնի:

Եթե որևէ գերատեսչությունից ստուգողներ են այցելում դպրոց, երեխաներին փակում է մատուռում կամ դասարանում, որպեսզի նրանց ոչ ոք չտեսնի և իրական կացության մասին ոչինչ չիմանան:

Կաթոլիկ վարդապետն իր կամավոր աղքատության և կուսակրոնության երդմանը «հավատարիմ»` Տիգրանուհի անունով լիբանանահայ սիրուհու հետ վատնում է նաև դպրոցի համար նախատեսված գումարները, մոտ` ամսական 20.000 եվրո: Հետաքրքրականն այն է, որ որևէ մարմնի կողմից չի ստուգվում այս հանգամանքը: Այս երկուսի ցոփ և շվայտ կյանքը մեզ հիշեցնում է Բոկաչոյի հայտնի ստեղծագործության հերոսներին:

Կասկածելի է իրավիճակում է նաև հաստատության սանիտարահիգենիկ իրավիճակը: Հասունության տարիքում գտնվող երեխաները սնվում են թերի, և չի ստուգվում նաև կերակրի սննդարարությունը»:

Մեկնաբանել