Դուբայը հավակնում է դառնալ իսլամական տնտեսության մայրաքաղաք

Դուբայի էմիրությունը, որ հավակնում է Մերձավոր Արևելքի առևտրային և ֆինանսական գլխավոր կենտրոն լինելուն, կարող է դառնալ նաև իսլամական տնտեսության մայրաքաղաքը: Այսպիսի հայտարարություն է արել Դուբայի էմիր, Արաբական Միացյալ Էմիրության փոխնախագահ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մակտումը, հաղորդում է Reuters-ը:

«Դուբայը տնտեսական ազատ, ճկուն համակարգ ունի, ունակ է վերափոխումների, բաց է նոր հորիզոնների համար: Գործող ենթակառուցվածքները, տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իսլամական տնտեսությունը հավելել արդեն առկա ճյուղերին», -ասել է էմիրը: Նրա խոսքով՝ իսլամական տնտեսությունը չի հակասում ազատ շուակայական տնտեսության սկզբունքներին:

Դուբայի իշխանությունները մտադիր են ջանքեր գործադրել իսլամի նորմերին համապատասխան ֆինանսավորման և վարկավորման, առևտրի, արդյունաբերության զարգացման ուղղությամբ:

Վերջին տարիներին Դուբայը գլոբալ առևտրի խոշոր կենտրոն է դարձել: 2011թ. էմիրության արտաքին առևտրի ծավալները գերազանցել են $300 մլրդ-ը: Էմիրությունում գործում են միջազգային խոշոր բանկեր, ապահովագրական ընկերություններ: Բացի այդ՝ այն Մերձավոր Արևելքի լոգիստիկ կնետրոններից է:

Մեկնաբանել