Կառավարությունն արտահանող ընկերություններին կաջակցի 500 մլն դրամով

Կառավարությունն արդյունաբերական խոշոր ձեռնարկություններին, մասնավորապես` արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին, ֆինանսական և տեխնիկական աջակցություն կցուցաբերի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ներկայացնելով Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հիմքի վրա ստեղծված Արդյունաբերական հիմնադրամի առաջին նիստի քննարկման արդյունքները:

«Հիմնադրամը կունենա 500 մլն դրամի ռեսուրս, որից 300 մլն-ը բյուջետային միջոցներ են»,- ասաց Դավթյանը` հավելելով, որ հիմնադրամը վարկավորմամբ չի զբաղվելու, միջոցներ է տրամադրելու ձեռնարկությունների առաջընթացին ուղղված միջոցառումների, այդ թվում` ցուցահանդեսների համար:

«Հասկանալի է, որ 300-500 մլն դրամը բավարար չէ, բայց սա լավ ուղերձ է առ այն, որ այս ոլորտի վրա ուշադրություն է դարձվում»,- ասաց նա՝ հավելելով, որ մի կողմից` կպահպանվի Գյումրու հիմնադրամի առողջ և կառուցողական հատվածը և այն կգործի արդեն որպես այս հիմնադրամի մասնաճյուղ, մյուս կողմից` այն կներգրավվի ավելի մեծ գործընթացներում:

«Ռեսուրսների առումով մենք այստեղ կաողացանք կոնսոլիդացիա անել, խուսափել փոշիացումից: Այս 300 մլն-ի վրա կավելացվի նաև այն ռեսուրսը, որը տրվում էր Գյումրու հիմնադրամին և դրա հաշվին 300 մլն-ը կդառնա 500 մլն դրամ: Մի կենտրոնից ռեսուրսներն ավելի արդյունավետ կկառավարվեն՝ հաշվի առնելով արդյունաբերության շահերը»,- նշեց Տիգրան Դավթյանը:

Նա հավելեց նաև, որ հիմնադրամը կառավարվելու է պետական, հասարակական և մասնավոր հատվածների մասնակցությամբ: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է ձևավորել արտահանման երաշխավորման գործակալություն:

Մեկնաբանել